Տեսանյութում Իսրայելը չէ. տոնախմբության կադրերը ներկայացվում են Իրանի հարձակում

Սոցցանցերում լայն տարածում է ստացել մի տեսանյութ, որը ներկայացվում է որպես Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակման տեսարան: Տեսանյութում երևում է իբր հրթիռակոծության հետևանքով կրակներով լի երկինք, լսվում է նաև արտասվող կնոջ ձայն:

Տեսանյութն հոկտեմբերի 3-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «ԻՄՄԱ» բժշկական կենտրոնի տնօրեն Մարիամ Վահանյանը՝ «Իսրայելն այսօր…. Իրանը բալիստիկ հրթիռներ է կիրառում…» գրությամբ։ Գրառումն արդեն հավաքել է 1,7 մլն դիտում, 6600 արձագանք և 1600 մեկնաբանություն:

Տեսանյութը տարածվել է Իրանի կողմից Իսրայելի դեմ 2024-ի հոկտեմբերի 1-ին լայնածավալ հրթիռային հարձակումից հետո. Իրանն արձակել էր մոտ 200 բալիստիկ հրթիռ՝ թիրախավորելով Իսրայելի ամբողջ տարածքը:

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է այս տեսանյութը և պարզել, որ այն իրականում կապ չունի իրանա-իսրայելական հակամարտության հետ:

Ոչ թե Իսրայել, այլ Ալժիր. ոչ թե հրթիռակոծություն, այլ հրավառություն

Տեսանյութն իրականում ցուցադրում է 2024-ի օգոստոսի 7-ին Ալժիրում տեղի ունեցած տոնակատարությունը, երբ Mouloudia d’Alger ֆուտբոլային ակումբի երկրպագուները նշում էին ակումբի 103-ամյակը՝ երկինքը լուսավորելով հրավառությամբ:

Տեսանյութից կադրերի հետադարձ որոնումը փաստում է, որ այն առաջին անգամ հրապարակվել է YouTube-ում 2024-ի օգոստոսի 9-ին և վերաբերում է ալժիրյան ֆուտբոլային ակումբի տարեդարձի տոնակատարությանը։

Բնօրինակ տեսանյութից ակնհայտ է դառնում, որ սոցցանցերի հայկական տիրույթում տարածվող տեսանյութը խմբագրված է. դրանում ավելացվել է արտասվող կնոջ ձայնը, ինչպես նաև հայելային շրջադարձվել է պատկերը։

Տարածված տեսանյութի առաջին վայրկյաններում երևում են G.I.P մակագրությամբ բաճկոններով տղամարդիկ, որոնք նման են ոստիկանների: Բանալի բառերով որոնումը ցույց տվեց, որ այս հապավումը վերաբերում է Ալժիրի ոստիկանությանը, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ տեսանյութը նկարահանվել է Ալժիրում, ոչ թե Իսրայելում:

Կոլաժը՝ տարածվող տեսանյութից և Ալժիրի ոստիկանության պաշտոնական էջից։

Այսպիսով, սոցցանցերում տարածվող տեսանյութը չի ցուցադրում Իսրայելի վրա իրանական հրթիռային հարձակումը: Այն իրականում պատկերում է Ալժիրում ֆուտբոլային ակումբի տարեդարձի տոնակատարությունը:

Այս կեղծված տեսանյութը ավելի վաղ տարածվել էր նաև արտասահմանյան մամուլում, և դրան անդրադարձել էին մի շարք փաստեր ստուգողներ։«ԻՄՄԱ» բժշկական կենտրոնի տնօրեն Մարիամ Վահանյանը, որը Ֆեյսբուքում ունի շուրջ 160000 հետևորդ, հրապարակել էր մեկ այլ տեսանյութ, որտեղ պատմում էր կաթնափուշ բույսից թուրմի ենթադրյալ «բուժիչ» հատկությունների մասին, որին #CivilNetCheck-ը ժամանակին անդրադարձել էր։

Տես՝ Բժշկությո՞ւն, թե՞ խաբեություն. կաթնափուշի «բուժիչ» թուրմի միֆը

Մեկնաբանել