Գևորգ Թոսունյան
ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող և Հայաստանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Օլեգ Նեֆեդովը Երևանի առաջին ատյանի դատարանից իր իսկ կալանավորման նիստին ճեմելով շենքը լքեց 2024-ի հունիսի 22-ին։ Նրա փախուստն իրականացվեց դատարանի, ոստիկանների ու կարգադրիչների աչքի առաջ։
Կիբերհանցագործության մեջ մեղադրվողի փախուստի մանրամասները ջրի երես դուրս չէին գա, եթե չլիներ Բարձրագույն դատական խորհրդի սեպտեմբերի 18-ի նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Գաբրիելյանը, որը դատական համակարգի հնաբնակներից է, հենց այս գործով պետք է կալանքի որոշում կայացներ և այդպես էլ արել էր, սակայն Նեֆեդովի փախուստից րոպեներ անց։
Առ այսօր Օլեգ Նեֆեդովը չի հայտնաբերվել։
ՍիվիլՆեթն ուսումնասիրել է գործի մանրամասներն ու Բարձրագույն դատական խորհրդի՝ Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նիստը։
Գործի նախապատմությունը
Միացյալ Նահանգների իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օլեգ Նեֆեդովը ձերբակալվել էր 2024-ի հունիսի 21-ին՝ ժամը 11:00-ին։ Նրան ժամանակավոր կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատախազը դատարան է ներկայացրել 2024-ի հունիսի 22-ին՝ ժամը 13:30-ին, այսինքն՝ անձի ձերբակալումից մոտ 26 ժամ հետո: Մինչդեռ դատավորը միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ դատական նիստը նշանակել է 2024-ի հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ին, այսինքն՝ դատախազի կողմից միջնորդությունը դատարան ներկայացնելուց հետո ավելի քանի 44 ժամ անց, ինչի արդյունքում 72 ժամվա ընթացքում Օլեգ Նեֆեդովի նկատմամբ դատարանի կողմից ժամանակավոր կալանավորման մասին որոշում չի կայացվել, և նա ազատ է արձակվել, հեռացել դատարանից։
Նեֆեդովի հեռանալուց կամ փախուստից հետո դատախազությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն՝ Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Նախարարությունն էլ դիմել է ԲԴԽ՝ խնդրելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորին։

Արտուշ Գաբրիելյանը
Նիստը նշանակել է կալանավորման ժամկետը լրանալուց ընդամենը մեկ ժամ առաջ
Ըստ արդարադատության նախարարության՝ դատավորը, Նեֆեդովին կալանավորելու դատախազության միջնորդությունը ստանալով հունիսի 22-ին, չի ներկայացել աշխատանքի ինչպես այդ, այնպես էլ հաջորդը օրը, որոնք շաբաթ և կիրակի էին։ Ընդ որում, այդ օրերին դատավորը հերթապահության մեջ էր ներգրավված և հետևաբար, կրկին արդարադատության նախարարության տվյալներով, աշխատավարձ է ստացել։ Ավելին, հերթապահության օրերն ավելի վաղ են կազմվում, ուստի դատավորներն այդ մասին իմանում են նախապես։
Նախարարության տվյալներով՝ դատավորը աշխատանքի է ներկայացել երկուշաբթի և նիստը նշանակել կալանավորման ժամկետը լրանալուց ընդամենը մեկ ժամ առաջ։ Դատավոր Գաբրիելյանը դատարանում պնդում էր, թե ինքը իրականում եկել է ու գործը ընդունել հունիսի 22-ին, բայց նիստը այդուհանդերձ նշանակել է երկուշաբթի օրը։
Նա ԲԴԽ-ում պնդեց, թե դատավորները «շատ ծանրաբեռնված են, անգամ հերթապահության շրջանակում», սակայն չհերքեց այն պնդումը, որ այդ ծանրաբեռնվածության պարագայում ու ներգրավված լինելով հերթապահության մեջ՝ կիրակի օրը աշխատանքի չի եկել։ Նա նաև ասաց, որ նիստը նշանակել է վերջին պահին, քանի որ, «հասկանում էր՝ այդ միջնորդությունը հնարավոր էր մեկ ժամում քննել»։
Դատախազության միջնորդության մեջ եղել է չորս փաստաթուղթ՝ ձերբակալման, անձին անձնական խուզարկության ենթարկելու, նրա իրավունքները և պարտականությունները բացատրելու արձանագրությունները, ինչպես նաև ԱՄՆ-ից Ինտերպոլի միջոցով դատարան ուղարկած փաստաթուղթը։ Այդ փաստաթղթում նշված է եղել, թե ինչ հիմքով է Նեֆեդովը հետախուզվում։ Դատավորն ասաց, որ վարույթն իրականացնող մարմինն այդ փաստաթուղթը չէր թարգմանել։
Այս մասով դատախազությունը պարզաբանել է, որ դատախազի կողմից լիարժեք ապահովվել է դատական նիստին համապատասխան լեզվով թարգմանչի մասնակցությունը։ Հետևաբար, ըստ դատախազության, դատական նիստը ողջամիտ ժամկետում նշանակված լինելու և դատարանի հիմնավոր պահանջի դեպքում՝ անձին հնարավորություն կտրվեր թարգմանչի օգնությամբ ծանոթանալ դատարան ներկայացված նյութերին։
«Դատական նիստի ընթացքում հայտնվեց ևս մեկ պաշտպան՝ Հայկ Ալումյանը, որը ելավ ու միջնորդեց, որ դատական նիստը մեկ օրով հետաձգենք։ Ասաց, թե իր պաշտպանյալի իրավունքները խախտվել են․ ռուսերեն տարբերակով Ինտերպոլի այդ գրությունը չենք ներկայացրել, որպեսզի Նեֆեդովն իմանա՝ ինչի համար է հետախուզվում, և դրա հիման վրա էլ միջնորդության վերաբերյալ իր կարծիքը հայտնի»,- ասաց Գաբրիելյանը՝ հավելելով, որ ինքը որոշեց հետաձգել նիստը ոչ թե մեկ օրով, այլ ընդամենը 15 րոպեով ու կարգադրեց, որ թարգմանիչը դատական նիստի դահլիճում այդ փաստաթուղթը թարգմանի ու տրամադրի մեղադրյալին։
Նեֆեդովը զբոսնել է դատարանի շենքում և փախել
Բանավոր կարգադրությունից հետո դատավոր Գաբրիելյանը դուրս է եկել նիստերի դահլիճից, այնտեղ մնացել են դատախազը, ոստիկանության աշխատակիցները, թարգմանիչը, կարգադրիչները, Նեֆեդովն ու նրա պաշտպանները։
Գաբրիելյանը նաև հայտնեց, որ նիստերի դահլիճը լքելուց հետո ինքը իմացել է, որ «մեղադրյալը պաշտպանների հետ դուրս են գալիս դատական նիստի դահլիճից, զբոսնում շենքում, ստանում է զանգ, դուրս է գալիս ու նստում մեքենան, հեռանում»:
Գաբրիելյանը դատարանում ասաց, որ եթե իր որոշումը կայացված լիներ նախքան 72 ժամի լրանալը, Նեֆեդովը փախուստի դիմել չէր կարողանա։
Նեֆեդովի փախուստից հետո ինքն իջել է իր աշխատասենյակից և հրապարակել նրան կալանավորելու որոշումը։
ԲԴԽ նիստին Գաբրիելյանը ոչ մի կերպ չէր ընդունում իր մեղքը, ասում էր, թե որևէ իրավական նորմ չկա, թե ինքը պարտավոր էր նիստ նշանակել առաջին իսկ ժամերին, ոչ թե վերջում։
Դատավորը կարծում է, որ ամեն ինչ պատահականության արդյունք էր
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հարցին, թե ի վերջո տեղի է ունեցել փախուստ, դատավորի մոտ կասկածներ չի առաջացել, որ այն պատահական չէր, Գաբրիելյանը պնդեց, որ որևէ կասկած չի առաջացել։
Ավելին ԲԴԽ-ում Գաբրելյանը մեղավորությունը անուղղակի գցում էր ոստիկանության վրա՝ հայտարարելով, որ իր մտքով էլ չէր անցել, թե նրանք թույլ կտան Նեֆեդովին դիմել փախուստի։
Այս հայտարարությանն ի պատասխան Անդրեասյանը ճշտող հարց տվեց․ «Հիմա մարդը ազատության մեջ էր, թե ոչ։ Բարձր դատարանը հայտարարել է, որ դուք ազատ եք, ոստիկանությունը ի՞նչ պետք է աներ»։
«Կարգադրել եմ, որ դահլիճից դուրս չգաք, որ թարգմանությունն իրականացվի»,- նշեց դատավորը։ Ճշտող հարցին, թե արդյոք դատարանի բանավոր կարգադրությունը հիմք էր, որ դահլիճից դուրս չգար, դատավորը միանգամից պատասխանեց՝ «Չէ, հիմք չէ»։

Նոր հարց եղավ, թե միգուցե պետք էր մեկ օր շուտ նշանակել նիստը, որ նման իրավիճակ չլիներ։
Հոկտեմբերի 4-ին ԲԴԽ-ն արդարադատության նախարարության միջնորդությունը բավարարեց ու Գաբրիելյանին հայտարարեց խիստ նկատողություն։
Խորհրդի անդամ Կարեն Թումանյանը համաձայն չի եղել այս որոշմանը՝ համարելով, որ դատավորին վերագրվող արարքները հանգեցնում են դատավորի լիազորությունների դադարեցման։
Այսպիսով՝ Արտուշ Գաբրիելյանը դեռ կշարունակի կրել դատավորի պատմուճան ու կայացնել որոշումներ, ինչու չէ նաև նշանակել նիստեր ձերբակալման ժամկետը լրանալուց ընդամենը մեկ ժամ առաջ։