Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման վերաբերյալ գրառումը կեղծ է

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջերը տարածում են գրառումներ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման վերաբերյալ։
«Պատրաստվեք, ժողովուրդ ջան: Ձմեռ գազ չեք վառելու, ամառը կրկին վերադառնում է»,- նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ։
Գրառմանը կցված հոդվածի լուսանկարում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն է, և տպավորություն է ստեղծվում, թե հեղինակը Սուրենյանն է:
Կցված հոդվածում պատկերն այլ է
Գրառմանը կցված հոդվածում արդեն գրված է. «Հավաստի աղբյուրները հայտնում են, որ առաջիկա օրերին ջերմաստիճանը կարող է կտրուկ բարձրանալ մինչև 30°C՝ անսովոր տաքություն բերելով սեզոնային ցրտերի փոխարեն»։
Աղբյուրները, սակայն, չեն նշվում։ Թեև հոդվածի գլխավոր նկարում Գագիկ Սուրենյանն է, սակայն տեքստում որևէ հղում չկա։
Գաղտնիք չէ, որ շատերի շրջանում Գագիկ Սուրենյանը հանրաճանաչ է եղանակի հետ կապված հարցերով և նրան հետևում են կանխատեսումներին ծանոթանալու համար։
Ֆեյսբուքի էջում Գագիկ Սուրենյանի վերջին հրապարակումը եղել է հոկտեմբերի 2-ին։ Սուրենյանը գրել է, որ հաջորդ օրվանից 10 օր փոքրիկ ամառ է լինելու, որևէ հիշատակում չկա ձմռան մասին։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի կայքում ևս հասանելի է միայն առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը։
Չնայած, որ գրառմանը կցված հոդվածում նշվում է, որ ջերմաստիճանը կարող է բարձրանալ 30 աստիճանով, այնուամենայնիվ, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի կայքում առաջիկա 5 օրերին մինչև 30 աստիճան ջերմաստիճանի բարձրացում չի կանխատեսվում։
Ի՞նչ է հայտնի գրառումը տարածող էջերի մասին
Այս «լուրը» տարածել են ֆեյսբուքում 132 հազար հետևորդ ունեցող «Օրվա լուրեր», 81 հազար հետևորդ ունեցող «Կանանց անկյուն», 80 հազար հետևորդ ունեցող «Մայր Հայաստան» և այլ ֆեյսբուքյան էջեր։
Գրառումը տարածող ֆեյսբուքյան էջերից որոշները փոխկապակցված են։ Դրանք վայրկյանների տարբերությամբ նույն գրառումներն են տարածում։ Գրառումների հետ կցված են պարբերաբար կեղծ լուրեր տարածող hraparaknews.am և erevanblog.am կայքերը, որոնց կապի մասին #CivilNetCheck-ն արդեն գրել է։

Այսպիսով, տարածվող գրառումը ջերմաստիճանի կտրուկ բարձրացման վերաբերյալ կեղծ է։
CivilNetCheck
Civilnet










