Զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հոդվածով․ ՔԿ

Զինծառայող Աղասի Դալլաքյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հոդվածով, հայտնում է Քննչական կոմիտեն։

«Հոկտեմբերի 13-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել է մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով: Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և այլ վարութային գործողություններ։ Զորամասից ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր, ծառայություն իրականացրած զինծառայողներից ստացվել են փորձանմուշներ, որոշումներ են կայացվել նաև դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու մասին: Հարցաքննվել են տուժողի մի շարք համածառայակիցներ, սպայական կազմի ներկայացուցիչներ։

Մեկնաբանել