Հոկտեմբերի 14-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ կապերի զարգացմանն ու հաղորդակցություններին վերաբերող հարցեր։
«Ողջունում ենք երկու երկրների միջև ավտոճանապարհների և երկաթուղային ճանապարհների կառուցումը, ինչպես նաև ցանկանում ենք զարգացնել մեր համագործակցությունը էներգետիկ և գյուղատնտեսական ոլորտներում։ Հաստատակամ ենք այդ հարցում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը»,- ասել է Իրանի նախագահը։
Ըստ Փեզեշքիանի՝ Իրանը կողմ է ցանկացած նախագծի, որը կարող է նպաստել Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Ըստ Իրանի նախագահի՝ այդ նպատակին հասնելու համար պետք է դյուրացնել երկու հասարակությունների միջև շփումը։
Մասուդ Փեզեշքիանը նաև անդարդարձել է տարածաշրջանային անվտանգության հարցերին։ Ընդգծելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքը, նա ասել է․ «Վստահ ենք, որ որևէ երկրի ինքնիշխանություն չպետք է անտեսվի, ինչպես նաև չենք համարում, որ այլ երկրների ներկայությունը օգուտ է տարածաշրջանի երկրներին»։
Նա համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանի ներսում «համագործակցության շնորհիվ կարելի է լուծել անվտանգային հարցերն ու հարակից խնդիրները»։
«Սա Իրանի սկզբունքային դիրքորոշումն է, որն Իրանի Իսլամական հանրապետությունը մշտապես բարձրաձայնել և բարձրաձայնում է»,- եզրափակել է Իրանի նախագահը։