Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է կեղծ տեսանյութ, որում իբրև «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հայտնում է, թե սպանվել է հայտնի բժիշկ՝ սկանդալային հարցազրույցից հետո, որում իբր պատմել է «հրաշագործ» դեղամիջոցի մասին:
Այս տեսանյութերում և ուղեկցվող գովազդային գրառումներում առաջարկվում է գնել իբրև բազմաթիվ հիվանդություններ բուժող դեղամիջոցը։ Այս տեսանյութերը սոցցանցերում ստացել են հազարավոր արձագանքներ, տարածումներ և մեկնաբանություններ։
Կեղծ ռեպորտաժ՝ գեներացված արհեստական բանականության միջոցով
Այս տեսանյութներն ամբողջությամբ կեղծված են և ստեղծված են արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով․ օգտագործվել են լրագրող Անուշ Մկրտչյանի, վիրաբույժ Արտավազդ Սահակյանի ձայների և պատկերների կրկնօրինակները, կադրեր «Ազատություն» ռադիոկայանի, «Հանրային հեռուստաընկերության» լուրերի հաղորդումից և այլն։«Արտավազդ Սահակյանն արդեն շատ տարիներ պայքարում էր արդարության համար՝ դեղագործական ընկերություններին անվանելով խարդախներ…»,- ասվում է արհեստական բանականության միջոցով գեներացված կեղծ տեսանյութում։
Այնուհետև տեսանյութում ներկայացվում է ոստիկանի «մեկնաբանություն», որը հայտնում է, թե չի հաջողվել փրկել բժշկի կյանքը։ Ոստիկանի դեմքը քողարկված է, իսկ ձայնը՝ փոխված։ Տեսանյութում ցուցադրվում է նաև հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի իբրև «վերջին հարցազրույցը»՝ կրկին արհեստականորեն գեներացված, որտեղ բժշկի կեղծված ձայնը պատմում է իր ստեղծած «հրաշագործ» դեղամիջոցի և իր հասցեին սպառնալիքների մասին:
«Դեղագործական ընկերությունները մաֆիա են: […] Ինչո՞ւ են նրանք սպառնում ինձ: Որովհետև ես ստեղծել եմ մի արտադրանք, որը նրանց ձեռնտու չէ:», – ասում է Սահակյանի կեղծված ձայնը:
Վիրաբույժի սպանության տեղեկությունը կեղծ է
Հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի նկատմամբ մահափորձի լուրը կեղծ է: Սահակյանը չի ստեղծել հիշատակված դեղամիջոցը և չի արել կեղծ տեսանյութում ցուցադրվող հայտարարությունները:
Նման կեղծ տեսանյութեր են տարածվում նաև այլ հայտնի բժիշկների մասնակցությամբ: Բոլոր դեպքերում սցենարը նույնն է՝ բժշկի իբր սպանություն և նրա վերջին հարցազրույցը «հրաշագործ» դեղամիջոցի մասին:
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաղորդավարի, ոստիկանի և բժշկի մասնակցությամբ բնօրինակ տեսանյութերը հրապարակվել են դեռ տարիներ առաջ։ Այսպես, Սահակյանի կադրերը վերցված են Հանրային հեռուստաընկերության 2018-ի փետրվարի ռեպորտաժից, որտեղ նա պատմում էր վիրաբույժների աշխատանքի մասին:
Ոստիկանության ներկայացուցչի բնօրինակ տեսանյութը հրապարակվել է 2019-ի դեկտեմբերին՝ տոնական օրերին ոստիկանության ուժեղացված ծառայության մասին:
Հեռուստահաղորդավար Անուշ Մկրտչյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշել է, որ տեսանյութը կեղծ է, և խարդախները կեղծիքի պատրաստման համար օգտագործել են իր՝ «Ազատություն» ռադիոկայանի նորությունների հաղորդումներից մեկը:Խարդախները օգտագործել են բնօրինակ տեսանյութերը՝ անձանց պատկերները և ձայները մանիպուլյացիայի ենթարկելու և «դիփ-ֆեյք» պատրաստելու համար։
Ինչ նպատակ ունեն բժշկի հորինված մահը և կեղծ տեսանյութերը
Կեղծ տեսանյութերին կից հղումները տանում են կասկածելի նորությունների կայքեր, որոնցում Արտավազդ Սահակյանը կամ այլ հայտնի բժիշկներ խոսում են տարբեր հիվանդությունների մասին և խորհուրդ են տալիս դրանց բուժման համար ընդունել «Կարդինեո» դեղամիջոցը:
Այս հաբերը, ըստ հոդվածում ներկայացված պնդումների, բացարձակապես անվտանգ են, չունեն կողմնակի ազդեցություններ, և կարելի է ընդունել առանց բժշկի հսկողության:Կցված կայքն էլ կեղծ է և կրկնօրինակում է հայտնի հայկական լրատվամիջոց «Առավոտը»՝ օգտագործելով վերջինիս կայքի ոճը և տարբերանշանը: Փաստացի, սա խարդախության սխեմա է, որի նպատակն է մոլորեցնել մարդկանց և դեղամիջոցի անվան տակ վաճառել կասկածելի հաբեր:
Կեղծ հոդվածից հետո առաջարկվում է անմիջապես պատվիրել բժշկի կողմից խորհուրդ տրվող «հրաշագործ» դեղամիջոցը՝ լրացնելով հետհաշվարկով անկետան՝ անունով և բջջային համարով, ինչն էլ մենք արեցինք։ Շուտով զանգ ստացանք հայաստանյան բջջային հեռախոսահամարից. ռուսախոս վաճառողը, որը ներկայացավ նախ որպես առողջապահության նախարարության, այնուհետ «Հայաստանի պետական հիվանդանոցի» ներկայացուցիչ, հայտնեց, որ նորագույն դեղամիջոցի առաքումը կատարվում է սուրհանդակային ծառայությամբ, և վճարումը կատարվում է միայն ապրանքը ստանալիս:
Ուշագրավ է, որ հեռախոսազրույցում «մասնագետը» հայտնեց, որ «Կարդինեո» դեղամիջոցը պետք է ընդունել երկու ամիս։ Արժեքը՝ 52.000 դրամ։ Այնինչ, առցանց հարթակներում միջոցը վաճառվում է որպես վիտամիններով հագեցած սննդային հավելում մոտ 2000 դրամով (500-600 ռուբլի) և ապրանքի վկայականում հստակ նշվում է, որ այն չի հանդիսանում դեղամիջոց։
Համարի ճանաչման համակարգերում որոնումը ցույց տվեց, որ շատ մարդկանց մոտ այս համարը գրանցված է որպես «դեղամիջոց», «բժիշկ», «թալիսման» և այլն։ Համարը գրանցված է նաև որպես «Սուստավ Պրո դեղ», ինչից կարելի է ենթադրել, որ այս համարն օգտագործվել է մեկ այլ կեղծ դեղամիջոցի խարդախությունում։
Տես՝ Կեղծ գովազդ սոցցանցերում՝ հոդերի անվճար բուժման մասին
Այսպիսով, համացանցում գովազդների միջոցով տարածվող այս «դիփ-ֆեյք» տեսանյութերը և գովազդները մաս են կազմում բարդ խարդախության սխեմայի: Դրանք օգտագործում են հայտնի բժիշկների, լրագրողների կերպարները և արհեստական բանականության տեխնոլոգիաները՝ մարդկանց մոլորեցնելու և կասկածելի դեղամիջոցներ վաճառելու նպատակով: