ԼՂ-ից տեղահանվածների փախստականի կարգավիճակը երկարաձգվել է ևս մեկ տարով

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը երկարաձգվել է ևս մեկ տարով՝ մինչև 2025-ի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը։

Նշվում է, որ փաստաթղթավորման գործընթացը դյուրացվել է․ «ՀՀ մուտք գործելու համար ժամանակավոր պաշտպանության վկայական այլևս չի պահանջվի, բավական է ունենալ «070» ծածկագրով անձնագիր։ Մինչդեռ ՀՀ-ից ելքի համար տեղահանաված անձը պարտադիր պետք է ունենա վավեր ժամանակավոր պաշտպանության վկայական և վավեր անձնագիր։ Ըստ այդմ, հորդորում ենք առաջիկա ամիսներին ելքի ուղղությամբ սահմանահատում ծրագրելու պարագայում անմիջապես զբաղվել վերոնշյալ փաստաթղթերի վավերականության ժամկետների թարմացմամբ, քանի որ տարեվերջին, ըստ էության, դիմումների թիվը մեծ կլինի, և հնարավոր են կուտակումներ»։

Փոփոխության է ենթարկվել նաև փախստականի վկայականում վավերականության ժամկետի նշման դաշտը, ինչը թույլ կտա քարտի վավերականության ժամկետը երկարաձգել առանց նոր վկայական տրամադրելու, այսինքն՝ հաջորդ անգամ քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու համար դիմում գրելու անհրաժեշտություն չի լինելու։

ԼՂ-ից բռնի տեղահանված այն քաղաքացիները, որոնց ժամանակավոր պաշտպանության վկայականները վավեր են մինչև դեկտեմբերի 31-ը, արդեն կարող են դիմել տարածքային նախկին անձնագրային բաժիններ՝ քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու նպատակով։

Մեկնաբանել