Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են կարգավորման գործընթացը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ։ Հանդիպումը կայացել է 3+3 տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում։

Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդում է, որ Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերություններին ու կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։

Ըստ հայկական կողմի՝ Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները երեք անգամ հանդիպել են Վիեննայում, երկու անգամ՝ հայ-թուրքական սահմանին։

2022-ի հուլիսի 1-ին Ռուբինյանը և Քըլըչը Վիեննայում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Մինչ օրս, սակայն, պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել։

Մեկնաբանել