Ադրբեջանը դավաճանության մեղադրանքով 16 տարվա ազատազրկման է դատապարտել թալիշ ակտիվիստին

Այթան Ֆարհադովա, OC Media

Էթնիկ թալիշ ակտիվիստ Միրհաֆիզ Ջաֆարզադեն, որը հանդես էր գալիս Ադրբեջանում թալիշական դպրոցական դասագրքերի ստեղծման օգտին, դավաճանության մեղադրանքով դատապարտվել է 16 տարվա ազատազրկման։

Ջաֆարզադեն, որը Ռուսաստանի քաղաքացի է, հինգշաբթի մեղավոր է ճանաչվել դավաճանության մեջ՝ լրտեսության հոդվածով։ Նա ձերբակալվել է 2022-ի նոյեմբերին։

Այդ օրը կառավարամետ լրատվամիջոցները հայտնեցին, որ դատավարությունը պարզել է, որ Ջաֆարզադեն աշխատել է «արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ՝ ի վնաս Ադրբեջանի պետական ​​անվտանգության և պաշտպանական կարողությունների առաջադրանքների կատարման»։ Նրանք նաև պնդում էին, թե Ջաֆարզադեն «նշել է ռազմական օբյեկտների գտնվելու վայրը և ուղարկել դրանց տեղանքը և այլ տեղեկություններ» Տելեգրամի միջոցով:

Ջաֆարզադեի մտերիմ ընկերներից մեկը, որը ցանկացել է անհայտ մնալ, OC Media-ին ասել է, որ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը Ջաֆարզադեով սկսել է հետաքրքրվել դեռ 2021-ին։

«Ջաֆարզադեն ձերբակալվել է Հեյդար Ալիևի օդանավակայանում 2021-ին, երբ նա Ադրբեջանից մեկնում էր Ռուսաստան»,- ասել է նա՝ հավելելով, որ Ջաֆարզադեի ողջ ունեցվածքը, այդ թվում՝ նոութբուքը, բջջային հեռախոսը և հիշողության սարքերը, առգրավվել են:

Նա OC Media-ին ասել է, որ հաջորդ տարվա ընթացքում անվտանգության աշխատակիցները բազմիցս զանգահարել են Ջաֆարզադեին՝ պահանջելով, որ նա հանդիպի իրենց հետ Բաքվում:

«Նրանից պահանջել են Ռուսաստանում բնակվող հարուստ թալիշների անունների ցուցակը, որոնք աջակցում և ֆինանսավորում են թալիշական շարժումը։ Նրանք խնդրել են հավաքել իրենց հասցեները և իրենց տներում հսկող սարքեր տեղադրել։ Նրանք ասել են. «Մեզ տեղեկատվությունը բերեք, և մենք ձեզ կտանք գրասենյակ, տուն, մեքենա և այլն»։ Միրհաֆիզը հրաժարվել է դա անել:

Ընկերը պնդել է, որ նրան ձերբակալել են անվտանգության ծառայության հետ համագործակցությունից հրաժարվելու համար։

Ջաֆարզադեն եղել է թալիշերենի ակտիվ պաշտպան էր և հանդես էր գալիս թալիշերեն դպրոցական գրքերի ստեղծման օգտին: Ներկայում Ադրբեջանում թալիշերենով կրթություն իրականացնող դպրոցներ չկան։

Թալիշների իրավունքների և մշակույթի թեման տասնամյակներ շարունակ զգայուն է եղել Ադրբեջանի իշխանությունների համար։ 1993-ին հարավային Ադրբեջանում ի հայտ եկավ կարճատև անջատողական միություն, որն իրեն անվանեց Թալիշ-Մուղանի Ինքնավար Հանրապետություն: Շուտով նրա ղեկավարը ձերբակալվեց։

Դրանից հետո Ադրբեջանը հաճախակի է ձերբակալել թալիշ ակտիվիստների և մշակույթի գործիչների, այդ թվում՝ դավաճանության մեղադրանքով։

Ադրբեջանն այս տարի դավաճանության մեղադրանքով ձերբակալել է երկու հետազոտողի, այդ թվում՝ մեկ այլ էթնիկ թալիշ հետազոտող Իգբալ Աբիլովին դավաճանության և ազգամիջյան ատելություն սերմանելու մեղադրանքով, և հետազոտող ու գրող Բահրուզ Սամադովին։

Մեկնաբանել