Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։
«2019-ի դեկտեմբերին ստանձնել եմ ՀՖՖ նախագահի պարտականությունները՝ մեծ երազանքներով, հույսերով, ապագայի հանդեպ վստահ հավատով ու չմարող լավատեսությամբ։ Այս ամբողջն իր ծրագրային արտացոլումն է գտել ՀՖՖ 2019-2025թթ. առաջին ռազմավարությունում: Ցավոք, այսօր պետք է արձանագրել, որ ռազմավարությունում տեղ գտած ծրագրերի մի մասը չեն կատարվել, մի մասն էլ իրականացվել են մասնակի»,- ասված է հայտարարությունում։
Ըստ նրա՝ ծրագրերը չեն իրականացվել կորոնավիրուսի համավարակի, 44-օրյա պատերազմի, ռուս-ուկրաինական պատերազմի և արտարժույթի շուկայի ձևափոխման պատճառներով։
«Հասկանում եմ մեր ֆուտբոլասերների դժգոհությունները, բայց չեմ ընդունում վերջնագրերով խոսելու գործելաոճը։ Կառչած չեմ և երբևէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթոռից, այլ մշտապես ֆուտբոլի շահը գերադասել եմ անձնականից: Եվ պարտադիր եմ համարում այս պահին ավարտին հասցնել սկսված կարևոր նախաձեռնությունները, որոնք 2025-ին պետք է իրականություն դառնան անհրաժեշտ կայունության պարագայում։ Այս պահին, որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու և այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ես ավելի մտահոգ եմ գալիք կարևորագույն տարվա անելիքներով, կիսատ գործերը ավարտելու պատրաստակամությամբ և ապագայի ծրագրերը և նպատակները քննարկման արդյունքում ձևավորելու ցանկությամբ»,- նշված է հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 13-ին Հայաստանի ազգային հավաքականի 2:0 հաշվով պատրվեց Մակեդոնիայի ընտրանուն և կորցրեց խմբում առաջին տեղը գրավելու հնարավորությունը։ Պարտությունից հետո Ֆեդերացիան հեռացրեց հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովին։ Մինչդեռ, երկրպագուները և որոշ ակումբների ղեկավարներ պահանջում են ՀՖՖ ղեկավարության հրաժարականը։