Ամեն մարդ ունի իր պերֆորմանսը։
Փարաջանովը՝ իր, Փարաջանովի հիշատակին պերֆորմասն անողը՝ իր։
Եվ, ուրեմն, ես էլ ունեմ իմ պերֆորմանսը և ուրիշի պերֆորմանսի մեջ իմը տեսնելու իրավունքը։
Ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, անցնում եմ Օպերայի հրապարակով։ Եվ ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, բոլորովին ինձնից անկախ, Օպերայի ձախ թևով անցնելիս (1988-ի իմ սերնդակիցները «ձախ թև»-ը գիտեն՝ որ թևն է, մնացածի համար ասեմ՝ դեմքով դեպի Օպերան կանգնելու դեպքում՝ աջ մուտքի կողմը)… և ուրեմն, ամեն օր Օպերայի հրապարակով անցնելիս հիշում եմ 1988-ի մեզ՝ մեր շորերը, կանգնելու ձևը, մեր դեմքերը, ով ինչ շորով էր հաճախ լինում, ով ինչպես էր խոսում, ոնց էր կանգնում, ով ում հետ էր հիմնականում կանգնում, ով ինչ ձայն ուներ։
Ամեն օրը իր գլխավոր հերոսն է ունենում, բոլորի միջից առանձնանում է մեկը, կենտրոնանում եմ մեկի վրա։ Դա տևում է րոպեներ, մինչև Օպերան անցնում եմ։ Մեզնից մեկին հիշում եմ ավելի մնարամասն, եթե տեղեկություն չեմ ունենում նրա մասին, որպես ամփոփում մտածում եմ՝ տեսնես ինչ եղավ։ Ընդամենը երեք րոպե, բայց՝ ամեն օր։
Իմ պերֆորմանսը, իրականում, անկախ ինձնից, լրիվ ակամա, պարզվեց՝ մի լուսավոր ու մեծ արդյունք ունի․ բոլորին իրական է պահում, այսինքն՝ ողջ։ Եվ, զարմանալիորեն, չի լինում օր, որ Օպերայով անցնելիս այլ բան մտածեմ, և միտքս շեղվի այլ տեղ։
Հավանաբար, շատ ուժեղ հետք է թողել, ու շատ կարևոր տարիներ էին, ու բոլոր այն մարդիկ, որոնց հիշում եմ, դեր են ունեցել իմ կյանքում։
Հանկարծ, պատահաբար արձանագրեցի, որ եթե դու ամեն օր հիշում ես մարդկանց, որոնք կա´մ ֆիզիկապես չկան, կա´մ քո դաշտում չկան, դու նրանց ողջ ես պահում։ Նախ, որովհետև նրանց հիշում ես ոչ թե կորստի ձայնարկություններով ու եղանակավորող բառերով, այլ իրենց հագած շորերով, ձայնի տեմբրով, հեղինակած սրամտությամբ, դեպքով, կանգնելու տեղի նախասիրությամբ, տարբեր իրադարձություններով ու արկածներով։
Ես գոհ էի, որ կարողանում եմ կենդանի պահել նրանց, որովհետև նրանցից շատերը չկան․ զոհվել են առաջին պատերազմում, սպանվել են քաղաքում, ոմանք մարդ են սպանել, մի մասը՝ նույնիսկ ծանր սպանություններ են արել։ Սա իմ սերունդն է՝ անսպասելի կենսագրությամբ։ Երբ մենք դեռ չէինք հասել 1988-ին, մեր կենսագրությունը սարսափելի կանխատեսելի էր թվում՝ առավելագույնը, որ պիտի անեինք, մի քիչ այլախոհ լինելն էր կամ հակառակը՝ մի քիչ ստվերային տնտեսությամբ հարստանալը։
Բայց մեզ մեր ծննդյան օրից երկու ալիք ունեցող սև ու սպիտակ հեռուսատոցույցով ուղեկցող, արդեն մարման փուլում գտնվող համակարգը ճեղք տվեց։ Եվ մենք ոգևորությամբ տեր կանգնեցինք այդ ճեղքին։ Մեզ թվաց, որ մենք տապալեցինք ԽՍՀՄ-ը, և դա հատկապես հաճելի էր սերնդիս։ Իմ սերունդը կորցրեց իր կանխատեսելիության կանխավարկածը։
Այս՝ անսպասելի բեկման հետևանքով հերոս, զոհված ազատամարտիկ, մարդասպան և մարդասպանի զոհ դարձած իմ սերնդակիցներին՝ ընկերներին, մտերիմներին, ծանոթներին, մի թեթև ծանոթներին, իմ ապրելու տեղի բերումով, ամեն օր ողջ եմ պահել մանրամասն հիշելով։
Օպերայի հրապարակի՝ Փարաջանովի հարյուրամյակին նվիրված պերֆորմանսը սոսկալի տպավորություն թողեց։ Սա, նախ, նշանակում է, որ պերֆորմանսը ստացվել է, ստացվել է հրաշալի, եթե որևէ մեկին կարողացել է ցնցել՝ հատկապես ցնցվածներին։ Եվ բոլորովին նշանակություն չունի ցնցման թեմատիկան։
Փարաջանովի մասին չէ ասելիքս հիմա։
Փարաջանովի անունը առաջին անգամ լսել եմ 1984-ին՝ միջին դասարաններում, երբ հայրս խորհրդային երկրում տարավ «Սուրամի ամրոցի լեգենդի» փակ դիտմանը։ Ոչինչ չհասկացա։ Ասացի, որ շատ եմ հավանել։
Մյուսը՝ ժողովրդական արվեստների թանգարանում նրա կոլաժների ցուցադրությունն էր։ Ապա տասնհինգ տարի ապրել եմ Փարաջանովի տուն-թանգարանի բակում՝ շատ հաճախ այցելելով։ Այս անհարկի մանրամասները Փարաջանովին «ծանոթ» լինելս հաղորդելու համար էր ընդամենը։
Այսօր Օպերայի հրապարակով անցնելիս հանկարծ տեսա Փարաջանովին նվիրված պերֆորմանսը՝ գետնին բաց գրքեր, Օպերայի պատերին Ջոկոնդայի կիսադեմը, դատարկ շրջանակներ՝ ծուռ կախված։
Ու հատկապես գետնի՝ բացված էջերով անթիվ գրքերը, քամուց աջ ու ձախ թեքվող էջերով հին գրքերը սոսկալի նման էին մի պորֆորմանսի, որը չի եղել, որովհետև ոչ ոք չի վերնագրել այդ պերֆորմանսը՝ նվիրվում է 1988-ի սերնդին։ Բայց Փարաջանովին նվիրված պերֆորմանսը մեր ցույցերի Հիրոսիման էր։ Սոսկալի պատկեր էր․ մեր փոխարեն մեր հրապարակում մնացել են մեր գրքերը։ Իսկ մենք չկանք։
Բացված գրքրերից մեկը արգելապատին մոտիկ էր ընկած, նկարեցի։ Գրած էր․
«Զինվորները դուրս եկան ամբոխի դեմ և կացիններով ու նիզակներով սկսեցին թեթև վիրավորել, հետ մղել ամբոխը։ Բայց սա էլ չօգնեց։ Կատաղի ջարդն ու աղմուկը խլացրեց ամեն բան։
Տեսնելով, որ ասորի-պարսիկները ուժ են կազմում, սրանց միացան նաև հույներն ու հրեաները։ Եվ մի կարճ պահում կռվի այս ընթացքը միանգամայն փոխեց պատկերը։ Օտար տարրերը լավ հասկացան իրար և իսկույնևեթ միացան իրար՝ ծեծելու հայերին, որոնց չէին սիրում թե իբրև ուժեղ մրցակիցների և թե երկրի այնպիսի տերերի, որոնց արհամարհում էին, պակաս չէր նաև ձգտումը խեղդել, վերջ տալ այսպիսի մի պետության, որ ոչ Պարսկաստանին էր նման, ոչ Բյուզանդիոնին, ոչ վերջանում էր, ոչ ուժ առնում ու չես իմանում՝ ինչ էր՝ պետությու՞ն, թե՞ խաղ»։
Չէ՞ր կարելի հայերեն ասել պերֆորմանսը։ Համապատասխան բառ չունե՞նք։