Իրանի ռազմանավերը խարիսխ են գցել Սուդանի ափերի մոտ

Իրանական ռազմածովային ուժերի նավերը խարիսխ են գցել Սուդանի ափերի մոտ. հաղորդում է Itar-tass-ը: Նրանք հանգրվանել են Կարմիր ծովի ափին գտնվող Պորտ-Սուդան քաղաքում՝ մայրաքաղաք Հարթումից շուրջ 500 կմ հյուսիս-արևելք:

Նավատորմի կազմում հատկապես նշվում է «Հարկ» նավը, որն իր վրա կարող է կրել երեք ռազմական ուղղաթիռ և 250 հոգանոց անձնակազմ: Իրանի իշխանությունների հայտարարության համաձայն՝ «այս ծովային երթը խաղաղության և համերաշխության ուղերձ է հարևան երկրներին, որ նաև առաքելություն ունի ապահովել նավագնացության և բեռնափոխադրումների անվտանգությունը՝ պաշտպանելով ծովահեններից»:

Հիշեցնենք, որ Իրանի նավերի այս այցից շուրջ մեկ շաբաթ առաջ Սուդանի մայրաքաղաքի ռազմական պահեստում բռնկվել էր մեծ հրդեհ: Այնժամ՝ գիշերով «Յարմուկ» ձեռնարկությունում, ուր կենտրոնացված է ռազմարդյունաբերության համալիրը և զինապահեստը, մոլեգնող հրդեհն ուղեկցվել էր հզոր պայթյուններով:

Այս դեպքի համար Հարթումը մեղադրել էր Իսրայելին: Պաշտոնապես նշվել էր, որ արևելքից եկած իսրայելական չորս ինքնաթիռ հարվածել էին գործարանին:

Իսկ Իսրայելում այդ մեղադրանքը ոչ հերքել էին, ոչ՝ հաստատել: Սակայն ի պատասխան՝ երկրի իշխանությունները սուդանական իշխանություններին մեղադրել էին Գազայի հատվածում գործող «Համաս» և «Իսլամական ջիհադ», ինչպես նաև՝ Լիբանանի «Հզբոլլահ» խմբավորումներին զենք ու զինամթերք մատակարարելում:

Մեկնաբանել