ՎԶԵԲ-ը բարձրացրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 1-տոկոսային կետով դեպի բարձրացում է վերանայել Հայաստանի այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը՝ մինչև 5%։ Գալիք տարվա համար բանկի նախորդ՝ հուլիսյան կանխատեսումը թողնվել է անփոփոխ՝ 4%։ ՎԶԵԲ-ի կանխատեսումները չեն համընկել կառավարության սպասումներին՝ 2012թ. համար ՀՆԱ-ի 7,1%, 2013թ. համար՝ 6,2% աճ։ Ըստ բանկի՝ եվրոգոտու պարտքային ճգնաժամի ազդեցությունների նկատմամբ Հայաստանի տնտեսությունը կայուն է եղել, քանի որ թույլ է ինտեգրված եվրոպական ֆինանսական շուկաներին։

ՎԶԵԲ-ի «Տարածաշրջանի տնտեսական հեռանկարներ» հոկտեմբերյան զեկույցում (ներառում է 33 անցումային տնտեսություններով երկրները, որոնցում գործունեություն է ծավալում բանկը) նշվում է, որ 2012թ. Հայաստանում արձանագրվել է արդյունաբերության առաջանցիկ աճ, ինչն էլ ապահովել է հանքարդյունաբերության և վերամշակող արդյունաբերության ճյուղերի աճը։ Իշխանությունները շարունակել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում բյուջետային կոնսոլիդացիան և համակարգային բարեփոխումները, իսկ տնտեսությունը օգտվել է մեծ ծավալի մասնավոր փոխանցումներից և պետական ֆինանսավորումից։ «Հայաստանի տնտեսության անմիջական ռիսկերը պայմանավորված են արտաքին հատվածի անորոշություններով, քանի որ երկիրը կախված է արտաքին մասնավոր տրանսֆերտներից և արտահանման կենտրոնացվածությունից», – նշված է զեկույցում։

Համաձայն ՎԶԵԲ զեկույցի՝ եվրոգոտու պարտքային ճգնաժամն իր ազդեցությունն է թողել Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի վրա։ Ազդեցությունների նկատմամբ Հայաստանը կայուն է եղել, քանի որ թույլ է ինտեգրված եվրոպական ֆինանսական շուկաներին։

Ի տարբերություն ՎԶԵԲ-ի՝ Հայաստանի կառավարությունն ավելի լավատես է տնտեսական աճի իր կանխատեսումներում։ Թեև այս տարվա բյուջեի հիմքում գործադիրը դրել է 4,2% տնտեսական աճ ցուցանիշը, 2013թ. բյուջեի նախագծի ուղերձում նշվում է, որ 2012թ. տնտեսական աճը կկազմի 7,1%, 2013թ.՝ 6,2%։

Սակայն կառավարությունը միայնակ է լավատեսական իր կանխատեսումներում։

Արժույթի միջազգային հիմնադրամը «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» (World Economic Outlook) սեպտեմբերյան զեկույցում նշել է, որ այս տարի Հայաստանի տնտեսությունը կարձանագրի 3,9%, իսկ 2013թ.՝ 4% տնտեսական աճ։ ԱՄՀ հայաստանյան առաքելությունը սեպտեմբերի 5-ից 18-ը Երևան կատարած այցից հետո սեպտեմբերի 27-ին տարածած հաղորդագրությունում նշել է, որ երկրում տնտեսական աճն այս տարի կարող է կազմել 6,2%, իսկ 2013թ.՝ 4,3%։

Կանխատեսումներ հարևանների համար
Համաձայն ՎԶԵԲ զեկույցի՝ տարածաշրջանում դանդաղում է տնտեսական աճը՝ պայմանավորված եվրոգոտու ճգնաժամի ազդեցությամբ։ Տարածաշրջանի միջին տնտեսական աճն այս տարի կկազմի 2,7% (2011թ. 4,6%-ի փոխարեն)՝ 2013թ. ավելանալով մինչև 3,2%։

Ադրբեջանի տնտեսական աճի կանխատեսումը ՎԶԵԲ-ը նվազեցրել է 0,5-տոկոսային կետով՝ մինչև 2%՝ 2013թ. համար կանխատեսելով 3% տնտեսական աճ։ Համաձայն զեկույցի՝ Ադրբեջանում դանդաղում են նավթի արդյունահանման տեմպերը, ինչը մասամբ փոխհատուցվում է ոչ նավթագազային ճյուղերի հաշվին, որոնք խթանվում են պետբյուջեի միջոցների հաշվին։ Ադրբեջանի տնտեսության համար ռիսկային է թույլ դիվերսիֆիկացումը։

ՎԶԵԲ-ը Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը ևս բարձրացրել է 1-տոկոսային կետով՝ մինչև 6,5%՝2013թ. համար հուլիսյան կանխատեսումը նվազեցնելով 0,5-տոկոսային կետով՝ մինչև 5%։ Այս տարվա առաջին կիսամյակից պահպանվում է Վրաստանի տնտեսական աճի արագացման տեմպը։ Համաձայն զեկույցի՝ 2008թ. տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու համար Վրաստանին հատկացված միջազգային ֆինանսական օգնության միջոցները գրեթե սպառվում են, և ներկայում իշխանություններն իրականացնում են տնտեսության առանցքային ճյուղերում մասնավոր ներդրումների խրախուսման քայլեր։

Ռուսաստանի տնտեսական աճի նախկին՝ հուլիսյան կանխատեսումը ՎԶԵԲ-ն ավելացրել է 0,1-տոկոսային կետով՝ մինչև 3,2%՝ գալիք տարվա համար կանխատեսելով 3,3%-ի տնտեսական աճ։

Թուրքիայի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացվել է 0,3-տոկոսային կետով՝ մինչև 3%։ Գալիք տարվա համար ՎԶԵԲ-ը երկրում ակնկալում է 3,7% տնտեսական աճ՝ նախորդ կանխատեսումը դեպի բարձրացում է վերանայվել 0,2-տոկոսային կետով։

Մեկնաբանել