Հայկ Հովհաննիսյան
Համացանցում և լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվում են բազմիցս հերքված, ակնհայտ կեղծ, որևէ կերպ չհիմնավորված պնդումներ և նյութեր, որոնք ոչ միայն աղավաղում են հանրային կարծիքը, այլև կեղծ նարատիվների և քննարկումների առիթ են դառնում։ Այս լուրերը հանրությանը շեղում են առավել կարևոր, առողջ և կենսական հարցերից ու խնդիրներից՝ փաստացի ուշադրությունը կենտրոնացնելով անարժեք և ուռճացված կեղծ թեզերի վրա։
Սոցցանցերում հոկտեմբերի 22-ին տարածվել են գրառումներ, որոնք պնդում են, թե վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կրում է ֆրանսիական հայտնի Hermès բրենդի արտադրության 83,000 եվրո արժողությամբ Mini Picnic Kelly պայուսակ:
Տասնյակ օգտատերեր տարածել են այս տեղեկությունը, այդ թվում՝ քաղաքագետ Արա Պապյանը, որը գրել է. «Չեմ հավատում, որ այս ծղոտե զամբյուղն այդքան արժի [...]»: Պապյանի այս գրառումը արտատպել են hayeli.am, lurer.com, և լրատվական այլ կայքեր։

Մինչդեռ, այս տեղեկությունն արդեն իսկ հերքվել էր նախկինում։
Ի՞նչ են պնդում
Հրապարակումներում օգտագործված է Աննա Հակոբյանի էջում հոկտեմբերի 21-ին հրապարակված տեսանյութից կադր, որտեղ երևում է նրա՝ սեղանին դրված ծղոտե պայուսակը: Հրապարակումների հեղինակները պնդում են, թե այն Hermès բրենդի թանկարժեք պայուսակ է, որի գինը տատանվում է 50,000-ից 100,000 եվրոյի սահմաններում:
Իրականում պայուսակը հայկական SirQochar բրենդի է և արժե 35,000 դրամ (մոտ 85 եվրո): Թեև պայուսակն արտաքնապես նման է Hermès-ի մոդելին, կան էական տարբերություններ՝ ծղոտի հյուսվածքի տեսակն ու ձևը, լրացուցիչ թոկի առկայությունը և այլն:

Ինչպե՞ս սկսվեց ապատեղեկատվության տարածումը
Այս կեղծ տեղեկատվությունը սկսել է տարածվել դեռևս սեպտեմբերին, երբ MediaHub լրատվական կայքը հրապարակեց հոդված՝ պնդելով, թե Աննա Հակոբյանի պայուսակը Hermes-ի White Mini Kelly Picnic մոդելն է, որի գինը 40,000-100,000 դոլար է:
Հրապարակումը արտատպել էին լրատվական մի շարք կայքեր (1, 2, 3)։ Տեսանյութերը, որոնցում տարածվել է այս կեղծ տեղեկատվությունը, սոցիալական ցանցերում հավաքել են ավելի քան կես միլիոն դիտում (1, 2, 3, 4, 5, 6):

Աննա Հակոբյանը քանիցս հայտարարել է, որ կրում է բացառապես հայ դիզայներների արտադրանքը: Սեպտեմբերյան աղմուկից հետո նա ֆեյսբուքյան էջում հրապարակեց իր հագուստի տասնյակ լուսանկարներ՝ նշելով, որ բոլոր միջոցառումներին կրում է միայն հայ դիզայներների հեղինակած հագուստ:
Այսպիսով, սոցցանցերում տարածվող պնդումները Աննա Հակոբյանի «թանկարժեք Hermès պայուսակի» մասին, թեև արդեն իսկ հերքվել են, սակայն շարունակվում են տարածվել։
CivilNetCheck











