Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը խաղաղություն տանող ճիշտ ճանապարհն է․ Պուտին

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը դեպի խաղաղության պայմանագիր ճիշտ ճանապարհն է։ Այդ մասին Կազանում ընթացող BRICS գագաթնաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Լոգիստիկան տարածաշրջանում համագործակցության համար կարևոր է։ Առավել կարևոր է, որ դուք դրական եք վերաբերվում Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների հետ փոխգործակցությանը։ Շատ հաճելի է նշել, որ սահմանազատման գործընթացը սկսվել է, և դա դեպի խաղաղության պայմանագիր ճիշտ ճանապարհն է։ Այն, որ Ձեզ հաջողվեց այսօրվա մեր աշխատանքի ընթացքում մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, արդեն դրական է մեր միջոցառման համար»,- ասել է Պուտինը։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերցանելու մասին, ինչպես նաև ներկայացրել էր «խաղաղության խաչմերուկ» նախագիծը

«Խաղաղության պայմանգիրը համաձայնեցված է 80-90 տոկոսով։ Ամբողջությամբ համաձայնեցված են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման, տարածքային պահանջների բացառման և ապագայում նման պահանջներ չներկայացնելու, ուժի և ուժի սպառնալիք չկիրառման սկզբունքի պահպանման, ներքին գործերին չմիջամտելու, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ձևակերպումները։ Մեր գնահատմամբ՝ համաձայնեցված հոդվածները հասցեագրում են բոլոր սկզբունքային հարցերը՝ կայուն խաղաղության հաստատելու և հարաբերությունների կարգավորման համար։ Մենք առաջարկում ենք Ադրբեջանին խաղաղության համաձայնագիրը ստորագրել հենց հիմա»,- ելույթում ասել էր Փաշինյանը։

Մեկնաբանել