Գլխավոր Լրահոս

Վրաստանում դիտորդական խումբը կոչ է անում անվավեր ճանաչել քվեարկությունը

Վրաստանում դիտորդական խումբը կոչ է անում անվավեր ճանաչել քվեարկությունը

Պաշտոնական նախնական արդյունքները ցույց են տալիս, որ Վրացական երազանքը համոզիչ հաղթանակ է տարել Վրաստանի խորհրդարանական ընտրություններում, որոնք աչքի են ընկել ընտրախախտումներով։

Տեղամասերի 85%-ի արդյունքներով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վրացական երազանքին տվել է ձայների 54%-ը։ Սա նրանց խորհրդարանում  կապահովի 150 աթոռից 89-ը՝ զգալիորեն գերազանցելով մեծամասնության համար անհրաժեշտ 76 մանդատը։

Սա ավելի բարձր է, քան նախորդ՝ 2020-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցության ստացած 48%-ը։

Չորս ընդդիմադիր կուսակցություն հաղթահարել է խորհրդարան մտնելու 5 տոկոսանոց շեմը՝ Փոփոխությունների կոալիցիան, Միասնություն - Ազգային շարժումը, Հզոր Վրաստանը և Հանուն Վրաստանի ուժերը։ 

Վրաստանի՝ 2024-ի խորհրդարանական ընտրությունները: Նախնական արդյունքներ տեղամասերի 85%-ից

Ժամը 20:00-ին քվեարկության ավարտին մասնակցությունը կազմել է 59%։

Արդյունքները պարզ դառնալուն պես, 2024-ի ընտրությունները դիտարկելու համար ստեղծված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիան մեղադրել է կառավարությանը ընտրական խարդախության բարդ սխեմա իրականացնելու մեջ և պահանջել է անվավեր ճանաչել արդյունքները։

WeVote-ը բաղկացած է մի շարք առաջատար ՀԿ-ներից և քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, այդ թվում՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ - Վրաստան, Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա (GRASS), Քաղաքացիական հասարակության հիմնադրամ, IDFI և այլն։ Խումբը երկրով մեկ ընտրական տեղամասեր է ուղարկել 2,000 դիտորդ։

Բոլոր չորս խոշոր ընդդիմադիր խմբավորումները վիճարկել են արդյունքները։

Միասնություն - Ազգային շարժման ներկայացուցիչ Թինա Բոկուչավան ասել է, որ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կատարել է Իվանիշվիլիի կեղտոտ հրամանը և գողացել է եվրոպական ապագան վրաց ժողովրդից»։

«Մենք կպայքարենք ինչպես երբեք»,- ավելացրել է նա։

Փոփոխությունների կոալիցիայի ներկայացուցիչ Նիկա Գվարամիան մեղադրել է կառավարությանը սահմանադրական հեղաշրջում իրականացնելու մեջ։

Հզոր Վրաստանը հայտարարել է, որ արդյունքները չեն համապատասխանում Վրաստանի քաղաքացիների իրական կամքին։

Հզոր Վրաստանի առաջնորդներից Անա Դոլիձեն ասել է, որ նրանք զայրացած են, թե ինչ համարձակվեց ներկայացնել և գրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

«Այս թվերը, որոնք ստացվել են ընդհանուր ահաբեկման, խարդախության և կաշառակերության պայմաններում անցկացված ընտրությունների արդյունքում, հակասում են վրաց ժողովրդի պատմական [ընտրությանը]»,- ասել է նա։

Թբիլիսիի քաղաքապետ և Վրացական երազանքի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն սպառնացել է խիստ պատասխանով, եթե որևէ մեկը համարձակվի օրենքին հակառակ քայլեր ձեռնարկել։

Սա եղել է ի պատասխան կառավարամետ լրագրողի հարցի՝ ընդդիմության կողմից սպասվող հեղաշրջման մասին։

«Երբ հեղաշրջում ես կազմակերպում, պետք է ունենաս հասարակության և ժողովրդի աջակցությունը։ Այսօր ընդդիմությունը՝ այս ռադիկալ խումբը, պարտված է»,- ասել է Կալաձեն։

OC Media-ն արձանագրել է խախտումներ ողջ օրվա ընթացքում, այդ թվում՝ քվեարկության գաղտնիության խախտումներ։

Օրվա ընթացքում մի խումբ տղամարդիկ, ակնհայտորեն Վրացական երազանքի աջակիցներ, փորձել են գրոհել ընդդիմադիր ԱՇԿ կուսակցության գրասենյակը Թբիլիսիում։ Տեղի են ունեցել նաև մի քանի ծեծկռտուք ընտրական տեղամասերում։

Արդյունքները ցույց են տվել ձայների ավելի կտրուկ աշխարհագրական բաժանում, քան նախորդ տարիներին։ Եթե մայրաքաղաք Թբիլիսիում մեծամասնությունը քվեարկել է ընդդիմության օգտին, գյուղական շրջաններում Վրացական երազանքը ստացել է ձայների հսկայական մասը։

Մի քանի շրջաններում, որտեղ ազգային փոքրամասնությունների մեծ բնակչություն կա, պաշտոնական արդյունքները Վրացական երազանքին տվել են մինչև 90% ձայն։

Մառնեուլիի մեկ ընտրական տեղամասի արդյունքներն անվավեր են ճանաչվել, երբ տարածվել է տեսանյութ, որտեղ երկու տղամարդ լցոնում են անում քվեատուփի մեջ։

Միջադեպից հետո նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ անբարոյական է օգտագործել ազգային փոքրամասնություններին ընտրությունները կեղծելու համար։

Ռոբին Ֆաբրո, OC Media

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում