Փաշինյանը շնորհավորել է Կոբախիձեին ընտրություններում «տպավորիչ հաղթանակի» առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի առիթով:

«Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Լիահույս եմ, որ Վրաստանում Ձեր առաջնորդության առաջիկա տարիների ընթացքում և մեր համատեղ ջանքերի շնորհիվ անշեղորեն կզարգանա ու կընդլայնվի Հայաստանի և Վրաստանի փոխգործակցությունը։ Մեր երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը շոշափելի հնարավորություններ է ստեղծում ընդհանուր մարտահրավերներին համատեղ դիմակայելու և մեր տարածաշրջանն ավելի կայուն, անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար»,- ասված է Փաշինյանի ուղերձում։

Վրաստանում հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայնը ստացել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ 54 տոկոս։ Խորհրդարան անցնելու շեմը հաղթահարել է ևս չորս քաղաքական ուժ․ փոփոխությունների կոալիցիայի օգտին քվեարկել է ընտրողների 11%-ը, Միասնություն – Ազգային շարժման օգտին՝ 10%-ը, Հզոր Վրաստան ստացել է 9% ձայն, Հանուն Վրաստանի քաղաքական ուժը՝ 8%։ Ընդդիմադիր ուժերից երեքը հայտարարել են, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։

Մեկնաբանել