Վրաստանի ընտրությունները և Հայաստանը. ինչ սպասել

Լիա Ավագյան

Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող Վրացական երազանք կուսակցությունը որոշիչ հաղթանակ է տարել՝ ստանալով 54 տոկոս քվե և խորհրդարանի 150 մանդատներից 89-ը։ Ընդդիմադիր չորս ուժ ևս հաղթահարել է խորհրդարան մտնելու շեմը՝ յուրաքանչյուրը հավաքելով 10 տոկոսի սահմաններում քվե, սակայն նրանք հայտարարել են, որ ընտրությունները կեղծվել են, և իրենք հրաժարվում են խորհրդարանական մանդատներից։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս հայտարարել է, որ ընտրությունները կեղծվել են։ Վրացական երազանք կուսակցության վերջին տարիների քաղաքականության արդյունքում Վրաստանը աստիճանաբար հեռացել է իր եվրոպամետ քաղաքականությունից և ավելի պրագմատիկ հարաբերություններ որդեգրել Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Ինչպես կազդեն վրաստանյան ընտրությունները Հայաստանի վրա։

ԱՊՐԻ Արմենիա հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, քաղաքագետ Բենիամին Պողոսյանն ասում է, որ եթե Վրաստանում գործող իշխանությունը պահպանի դիրքերը, և Վրաստանը շարունակի դանդաղ, բայց Արևմուտքից որոշակիորեն հեռանալու քաղաքականությունը, ապա Հայաստանի համար էլ ավելի կբարդանա շարունակելը իր Արևմուտք կողմնորոշված դիվերսիֆիկացիան։

«Մենք կհայտնվենք մի տարածաշրջանում՝ Հարավային կովկաս և հարևան պետություններ, որտեղ, ըստ էության, ոչ ոք Արևմուտքի հետ հարաբերությունների խորացմանը հակված չէ. Վրաստանը հակված չէ, Ադրբեջանն ի սկզբանե հակված չէր։ Իրանը և Ռուսաստանը, ակնհայտ է, որ չափազանց լարված հարաբերություններ ունեն Արևմուտքի հետ, իսկ Թուրքիան հավասակակշռված քաղաքականություն է վարում»,- ասում է Պողոսյանը։

Այս պայմաններում, ըստ փորձագետի, Հայաստանի համար շատ ավելի բարդ կլինի շարունակել իր արևմտյան կողմնորոշմամբ արտաքին քաղաքականությունը. «Չեմ բացառում, որ Հայաստանի կառավարությունն իր արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնի»։

Ինչ վերաբերում է տնտեսական հնարավոր ազդեցությանը, Պողոսյանն ասում է, որ էական փոփոխություն հազիվ թե լինի։ Այնուամենայնիվ, ըստ նրա, եթե Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների բողոքի ցույցերը վերաճեն ներքաղաքական երկարատև անկայունության ու ցնցումների, դա կարող է տնտեսական բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի համար. «Ի վերջո, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության առնվազն 70 տոկոսը անցնում է Վրաստանի տարածքով»։

Թեև 2008-ի ռուս-վրացական պատերազմից ի վեր երկու երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ, Վրաստանի գործող կառավարությունը վերջին տարիներին խորացրել է համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ միաժամանակ անելով մի շարք հակաարևմտյան քայլեր, այդ թվում՝ Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը, որն արժանացել է Արևմուտքի ու տեղի քաղաքացիական հասարակության քննադատությանն ու Ռուսաստանի գովասանքին։ Ռուսաստանը վերացրել է նաև այցագրային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար։

Վրացական երազանքի հաղթանակը ողջունել է Ռուսաստանի գլխավոր պրոպագանդիստ, Ռոսիա Սեգոդնյա գործակալության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը։

Պողոսյանը կարծում է, որ առնվազն տնտեսական մակարդակում ռուս-վրացական համագործակցությունը շարունակվելու է։ «Տնտեսական համագործակցությունը, գրեթե վստահ եմ, կշարունակի զարգանալ, այդ թվում՝ պայմանավորված Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով և Վրաստանի համար դրանից բխող վերաարտահանման հնարավորություններով»,- նշում է նա։

Հարավային Կովկասի հարցերի հետազոտող Օլեսյա Վարդանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ ավելի «պրոռուսական» Վրաստանը կարող է խնդիր դառնալ Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ եթե Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ շարունակեն լավանալ՝ ռուսական կապիտալի առկայությամբ որոշ ընկերություններում, ճանապարհների ու միջանցքների նկատմամբ ավելի մեծ հսկողությամբ, դա որոշակի ազդեցություն կունենա Հայաստանի վրա։

«Հիմնարար փոփոխություն է տարածաշրջանի համար, եթե Վրաստանը գնում է դեպի Ռուսաստան, Վրաստանը դառնում է կովկասյան Բելառուս։ Դա շատ լուրջ հետևանքներ կունենա Հայաստանի համար»,- ասում է Օլեսյա Վարդանյանը։

Մեկնաբանել