Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100-դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդով վճարելը։



Այսինքն, ուղևորները կամ պետք է 100-դրամանոց մետաղադրամը գցեն ավտոբուսի առաջին մուտքի մոտ տեղադրված արկղի մեջ, կամ պետք է Tellcell հավելվածով QR կոդը պահեն վավերականացնող սարքի (վալիդատոր) ներքևի հատվածում։
Նպատակը հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին սահուն անցում կատարելն է, որից հետո ուղևորներին կառաջարկվեն մշտական օգտագործման քարտեր, բանկային քարտեր, բջջային հավելվածով վճարումներ:
Ստորև ներկայացնում ենք հավելվածով QR ուղետոմս ձեռք բերելու քայլերն ըստ հերթականության։


Քայլ 1. Հավելվածը բացելուց հետո սեղմում եք «տրանսպորտ» բաժինը
Քայլ 2. Սեղմում եք «Գնել ուղետոմս» կոճակը


Քայլ 3. Նշում եք 100 դրամի կոճակը, եթե օգտվելու եք ավտոբուսից ու մետրոյից, այնուհետև սեղմում «Շարունակել»
Քայլ 4. Սեղմում եք «Վճարել» կոճակը

Քայլ 5. Արդեն բացված QR կոդը պահում եք ավտոբուսում տեղակայված վավերականցնող սարքի ներքևի հատվածում ու մեկ-երկու վայրկյանից արդեն վճարումն իրականացված է
Այն ուղևորները, որոնք երբեք չեն գնել QR ուղետոմս Telcell Wallet-ով, հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում գնելով առաջին QR ուղետոմսը, «Telcell Wallet» հավելվածում կստանան 10 անվճար QR ուղետոմս (ավտոբուս/մետրո): Նվերը միանվագ է ու հասանելի է միայն առաջին անգամ QR ուղետոմս գնած օգտատերերի համար։
Օտարերկրյա քաղաքացիները չեն կարող օգտվել TellCell հավելվածից, քանի որ չեն կարող նույնականացում անցնել, բայց կարող են TellCell-ի՝ քաղաքում տեղակայված բոլոր տերմինալներով կատարել վճարումը ու տերմինալից ստացված QR կոդով կտրոնը կրկին պահել վավերականացնող սարքի ներքևի հատվածում։
QR կտրոնները գործում են մեկ ամիս ժամկետով, այսինքն՝ մարդիկ կարող են միանգամից գնել օրինակ տասը QR կտրոն ու ամեն անգամ գնելու համար չմոտենալ տերմինալին։
Այս տարվա մարտին Երևանի ավագանին ընդունեց միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրումն ապահովելու նախագիծ, որով նաև ուղեվարձի նոր սակագներ սահմանվեցին։ Համակարգին ամբողջությամբ անցումը պետք է տեղի ունենա հունվարի մեկից, երբ արդեն գործեն նոր սակագներն ու տրանսպորտային տոմսերը։
Սիրանուշ Ադամյան