Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարմայանը ափսոսանք է հայտնում խորհրդարանում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին նա ասաց այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։
«Ուզում եմ ափսոսանք հայտնել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, առավելևս այն պայմաններում, որ այդ միջադեպը նաև ինձ է վերաբերել։ Պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից, եթե հանրությունն իմ որևէ գործողության մեջ խնդիր է տեսնում»,- նշեց նա։
Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև վեճ էր եղել: Աղազարյանը դիտողություն էր արել Քյարամյանին, հորդորել պատգամավորների հետ հարգալից խոսել։ Վեճի ընթացքում Քյարամյանը պնդել էր, թե իրեն առնվազն երկու անգամ դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով։ Միջադեպից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը)։
Քյարամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ ինչ ասել է, կարող է փաստերով հիմնավորել։
«Ինձ հարցաքննության չեն կանչել, կա նախաձեռնված քրեական վարույթ գործընկեր իրավական կառույցում»,- նշեց ՔԿ նախագահը։