Գործադիրը պետբյուջեի նախագիծը ներկայացրել է ԱԺ հանձնաժողովների դատին

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում երեկ մեկնարկել է 2013թ. գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ պետական բյուջեի նախագծի քննարկումը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է՝ նախագծի առանձնահատկությունն այն է, որ կոչվում է «Ծրագրի ռիսկերը և դրանց կառավարման հնարավորությունները»։ Բյուջեի նախագիծն առանձնահատուկ է ոչ միայն անվանումով. այն Կառավարական տուն 1-ից (Կառավարության շենք) Մարշալ Բաղրամյան 19 (Ազգային ժողով) ճանապարհին նվազել է ֌1,3 մլրդ-ով։

Երեկ ԱԺ-ում 2013թ. պետբյուջեի նախագծի քննարկմանն իր ելույթում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն հիմնված է երեք կարևորագույն սկզբունքների վրա՝ տնտեսության մրցունակության ապահովում, մարդկային կապիտալի զարգացում և արդյունավետ ինստիտուտների առկայություն։

ԱԺ-ում քննարկվող բյուջեի նախագիծը տարբերվում է այն տարբերակից, որին կառավարությունը հավանություն է տվել սեպտեմբերի 27-ին (տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում)։ Կառավարության նիստին հավանության արժանացած 2013թ. բյուջեի նախագծում նշված է, որ ծախսերը կկազմեն ֌1152,7 մլրդ, ընդհանուր եկամուտները՝ ֌1032,9 մլրդ, այնինչ երեկ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվող բյուջեի նախագծում ծախսերը նշված էին ֌1151,4 մլրդ-ի, եկամուտները՝ ֌1031,6 մլրդ-ի մակարդակում։ Նվազեցումը կազմել է ֌1,3 մլրդ։

Բյուջեի նախագծում եկամուտների կրճատումը ամբողջովին պայմանավորված է հարկային եկամուտների և պետական տուրքերի վերանայմամբ։

Կառավարությունը բյուջեի նախագծով նախատեսում է հարկային եկամուտների և պետական տուրքերի ապահովում ֌992,9 մլրդ-ի չափով։ Այդ գումարից ֌934,3 մլրդ-ը ենթադրվում է ապահովել մակրոտնտեսական միջավայրի զարգացման միտումների հաշվին։
Օրենսդրական փոփոխությունների և վարչարարական միջոցառումների հաշվին ակնկալվում են համապատասխանաբար շուրջ ֌31 մլրդ-ի և ֌27,7 մլրդ-ի մուտքեր:

«Օրենսդրական փոփոխությունները» ենթադրում են 2013թ. հունվարի 1-ից զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և փրկարարական ծառայության ծառայողների ներառում եկամտային հարկի դաշտում։

Համեմատության համար նշենք, որ բյուջեի նախագծի սկզբնական տարբերակի համեմատ գործադիրն այժմ տնտեսական աճի հաշվին նախատեսում է հավաքագրել լրացուցիչ ֌4,5 մլրդ՝ զինվորականներին եկամտային հարկի դաշտ տեղափոխելով և հարկային վարչարարության հաշվին հավաքագրվելիք գումարները նվազեցնելով համապատասխանաբար ֌1,3 մլրդ-ով և ֌4,4 մլրդ-ով։

Գալիք տարի հավաքագրվելիք լրացուցիչ ֌118,6 մլրդ-ի հարկային եկամուտների ֌60 մլրդ-ը պետք է ապահովվի ծրագրված 6,2% տնտեսական աճի և 4±1,5% թիրախային գնաճի հաշվին։ Ստացվում է, որ 2013թ. անվանական ՀՆԱ-ի ֌401 մլրդ-ով ավելացումն ապահովելու է հարկերի ընդամենը ֌60 մլրդ-ի լրացուցիչ մուտքեր, այն դեպքում, երբ այս տարի ՀՆԱ-ի ֌360 մլրդ-ով ավելացումն ապահովելու է ֌61,6 մլրդ-ի մուտքեր։

ՀՆԱ-ի հարկման բազայի ավելի մեծ աճի հաշվին հարկերի նվազ հավաքագրումն ուշագրավ է այն առումով, որ կառավարությունը ծրագրում է գալիք տարի հարկեր/ՀՆԱ ցուցանիշն այս տարվա համեմատ ավելացնել 0,15-տոկոսային կետով՝ մինչև 21,88%։

Ի դեպ՝ «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացության մեջ նշվում է, որ 2013թ. Հայաստանի տնտեսության արտահանելի հատվածի մեծացման և տնտեսական աճի 6,2% ցուցանիշի կանխատեսման հիմքում ընկած համաշխարհային տնտեսության զարգացումների սցենարը ենթադրում է վերջինիս վերականգնման շարունակականություն, ինչը որոշակի ռիսկեր է պարունակում: «Այս պարագայում կարևորվում է հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների կիրարկման և վարչարարական միջոցառումների արդյունավետությունը՝ 2013թ. հարկեր/ՀՆԱ հարաբերակցության նախանշված մակարդակի ապահովման տեսանկյունից»,– ասված է եզրակացության մեջ:

Մեկնաբանել