Ազգային ժողովում նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը օրենսդիրների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Վերջին շրջանում այս նախագիծը առավելապես քննարկվում է ռազմական կամ արտակարգ դրության վերաբերյալ փոփոխությունների տեսանկյունից։ Խորհրդարանում ևս այս հարցերը չշրջանցեցին։
Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը ներկայացրեց այն ձևակերպումները, որոնք իրենք պատրաստվում են փոխանցել կառավարությանը. ««Ռազմական կամ արտակարգ դրության հայտարարման պահից» եզրույթի փոխարեն մենք նախատեսում ենք օգտագործել «ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահ» ձևակերպումը, ինչը ավելի հստակեցնում է ընտրական հանձնաժողովների պարտականությունների կատարման պահը։ Բացի այդ, նախատեսվում է փոփոխություն կատարել, որ եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվում է մինչև քվեարկության օրը ժամը 20:00-ն, ապա ընտրական գործընթացը կասեցվում է, իսկ ռազմական դրությունից հետո վերսկսվում է։ Եթե հայտարարումը կատարվում է ժամը 20:00-ից հետո, ապա քվեարկության արդյունքների ամփոփումը շարունակվում է այն տեղամասերում, որտեղ դա հնարավոր է»,- նշեց Հարությունյանը։
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այս դրույթի փոփոխությունը վիճահարույց համարեց։ Նրա կարծիքով՝ դա հնարավորություն է տալու իշխող ուժին չեղարկել ընտրությունների արդյունքները, եթե հասկանա, որ ընտրությունների նախնական արդյունքներով պարտվում է։
ԱԺ Հայաստան խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ ընտրության օրը պետք է արգելվի ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը։ Ընտրությունների ավարտից հետո էլ կարող է գործել արդարադատության նախարարության առաջ քաշած կարգավորումը, սակայն ընտրությունների կասեցման, ոչ թե չեղարկման մասին։
«Ընտրությունների չեղարկման մասին խոսք չկա: Կարող է դրանից հետո վերադարձ կատարվել կասեցումից վերսկսման և իրավիճակի գնահատման, որի դատական ստուգումը պետք է իրականացնի բացառապես Սահմանադրական դատարանը»,- ասաց Մինասյանը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը արձանագրեց, որ Վենետիկի հանձնաժողովին ներկայացված տարբերակը էականորեն տարբերվում է առաջին ընթերցմամբ ընդունված ու ներկայում քննարկվող նախագծից։ Անդրադառնալով արտակարգ դրության հայտարարմանը՝ նա նշեց, որ պետք է հստակեցնել ժամկետները։
«Օրինակ, եթե արտակարգ դրությունը տևում է մեկ տարի, իրավիճակը մնում է անորոշ։ Այս առումով պետք է կարգավորումներ մտածել։ Սա հիմնականում քաղաքական հարց է»,- նշեց նա։
Փոխնախարար Հարությունյանն անդրադարձավ նաև ընտրական գործընթացների թափանցիկության և մատչելիության ապահովմանը։ Նրա խոսքով՝ ընտրական տեղամասերի մեծ մասը դեռ մատչելի չէ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար։
Ըստ արդարադատության նախարարության վերլուծության՝ վերջին տարիների ուսումնասիրությունները վկայում են ֆինանսական վերահսկողության նոր մեխանիզմների անհրաժեշտության մասին։ Այժմ այդ գործառույթը վերապահված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, սակայն, ինչպես նշեց փոխնախարարը, Վենետիկի հանձնաժողովի գնահատմամբ՝ վերահսկող մարմինը պետք է օժտված լինի բավարար անկախությամբ, ինչպիսին ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը խնդրահարույց համարեց նախընտրական հիմնադրամների մուտքերի օրինականության հարցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և Կոռուպցիայի կանխարհելման հանձնաժողովին վերապահելը։ «Պետք է մտածել՝ ինչպես ստուգել նախընտրական հիմնադրամների մուտքերի օրինականությունը ճիշտ ժամկետներում, որպեսզի ոչ թե մեկ տարի անց, այլ ավելի սեղմ ժամկետում ունենանք դրա պատկերը»,- ասաց նա։
Նույն կազմակերպությունից Տիգրան Մուղնեցյանն անդրադարձավ կուսակցական և ոչ կուսակցական անձանց համամասնությանը՝ նշելով, որ քվոտավորումը կուսակցություններին հնարավորություն է տալիս իրենց ցուցակներում ունենալ մինչև 30 տոկոս ոչ կուսակցական անձանց, սակայն մանդատների բաշխման ժամանակ այդ քվոտան հաճախ խախտվում է։
Արդարադատության փոխնախարարն էլ խոսեց ընտրությունների նշանակման ժամկետներից՝ նշելով, որ արտահերթ ընտրությունների դեպքում ժամկետներն ավելի սեղմ են, ինչը հնարավորություն չի տալիս պատշաճ նախապատրաստվել։ Այս ժամկետները ևս վերանայվել և հստակեցվել են։
Գևորգ Թոսունյան