Պարտադիր չէ, որ ամեն ինչ շատ վատ լինի. զրույց Թրամփից սպասելիքների մասին

ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան, ԱՄՆ-ում քաղաքական խորհրդատու Էրիկ Հակոբյանը Պատրիկ Էլիոտի հետ հարցազրույցում քննարկում է ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության և Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցությունների մասին։ Անգլերեն արված հարցազրույցը հայերեն ներկայացվում է կրճատումներով և որոշ խմբագրությամբ։

– Հայաստանը վերջերս վերահաստատել է Միացյալ Նահանգների հետ անվտանգության գործընկերության մակարդակի հասնելու իր ձգտումները, մակարդակ, որը մեկ աստիճան է ներքև դաշնակցից այս պահին: Ինչպե՞ս եք տեսնում այդ շրջադարձը Հայաստանի հարաբերություններում Միացյալ Նահանգների հետ:

Դժվար է ասել: Կարծում եմ՝ երբեք չի եղել որևէ բնազդային հակահայկական բան, նույնիսկ 2016-ին նրա առաջին ժամկետում: Ակնհայտորեն կային խնդրահարույց որոշ հարաբերություններ մյուս կողմի (Ադրբեջանի) հետ, որոնք բիզնես հարաբերություններ էին, նրա անձնական ընկերներն էին: Կան այդ տարրերը, բայց միևնույն ժամանակ՝ Հայաստանն ավելի ամուր տեղում է նրա քաղաքական բազայի որոշ մասերի առումով, հատկապես քրիստոնեական աջերի: Շատ դժվար է ասել: Իրականում, Հայաստանի դիտանկյունից, մարդկանց մեծ մասը ցանկանում էր հակառակ արդյունքը, որովհետև դա ավելի մեծ որոշակիություն էր ենթադրում: Կարծում եմ՝ Թրամփի ընտրությամբ ավելի շատ անորոշություն կա, որովհետև իրականում չգիտեք, թե ինչով է նա տարված և որքան ուշադրություն է դարձնելու արտաքին քաղաքականությանն ընդհանրապես, առավել ևս՝ Հայաստանին: Կարծում եմ՝ նրա օրակարգը շատ ավելի ներքին է լինելու: Բայց այս հարաբերություններից որոշները հաստատված են կամ ինստիտուցիոնալ բնույթի են՝ ինստիտուտները մնում են, իսկ նախագահները գալիս ու գնում են: Այսպիսով, ես զգուշավոր լավատես եմ: Կարծում եմ՝ պարտադիր չէ, որ ամեն ինչ շատ վատ լինի:

– Հաշվի առնելով Թրամփի՝ «Նախ՝ Ամերիկան» կարգախոսը, որը նաև ՆԱՏՕ-ի նկատմամբ որոշակի քննադատություն է պարունակում, և այն, որ Հայաստանը ակտիվ աշխատում է ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, Հայաստանն ի՞նչ պետք է անի իր արտաքին քաղաքականությունում։

– Սա պարզապես քաղաքականություն է: Սա երկիր է, որ նախկինում քաղաքական ուղղություններ փոխե՛լ է։ Եթե այժմ դա «Նախ՝ Ամերիկան» է, ապա պետք է երկիրը հարմարեցնել «Նախ՝ Ամերիկայի» համատեքստին, ոչ թե ասեք՝ «դե, այս մարդիկ հիմար են, չի կարելի նրանց հետ աշխատել»: Այդ կերպ պետք չէ մոտենալ քաղաքականությանը։ Եթե նա ասում է «Նախ՝ Ամերիկան», իսկ մենք միլիարդավոր դոլարներ ենք ծախսել հնդիկներից, ֆրանսիացիներից և ուրիշներից զենք գնելու համար…։ Եթե ուզում եք «Նախ՝ Ամերիկան», ուրեմն այդ գումարը պետք է գնա ԱՄՆ-ին, ճի՞շտ է: Ուրեմն՝ զենք վաճառեք մեզ: Կան դրան նայելու անթիվ ուղիներ: Քաղաքականությունն անվերջ փոփոխական է, և յուրաքանչյուր ռիսկի մեջ հնարավորություն կա: Նույնիսկ այս դեպքում, սա իմ ուզած արդյունքը չէր, բայց սա այն իրականությունն է, որի հետ գործ ունենք, այնպես որ պարզապես պետք է փորձեք առավելագույնը ստանալ՝ ներկայացնել մեր պատմությունն այնպես, որ բռնի նրանց պատմությանը, և առավելագույնի հասցնել օգուտները: Ոչ ավել, ոչ պակաս:

Թրամփը Չինաստանին համարում է գլխավոր սպառնալիք։ Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի վերակողմնորոշումը՝ Չինաստանի հետ կապված իր ուղերձներում և հարաբերություններում:

– Հայաստանի՝ Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկեր դառնալուց հետո, մոտավորապես երկու շաբաթ անց, Իլհամ Ալիևը նույնն արեց Չինաստանի հետ: Նա մեզ ֆանտաստիկ նվեր հանձնեց այն ժամանակ, երբ կա Միացյալ Նահանգների նախագահ, որը խելացնոր կերպով տարված է Չինաստանը մարգինալացնելու հարցով կամ Չինաստանը տեսնում է որպես Միացյալ Նահանգների հիմնական հակառակորդ: Մեր հիմնական թշնամիները պարզապես գնում և ստորագրում են ռազմավարական գործընկերություն նրանց հետ՝ հիմնականում ի հեճուկս: Այնպես որ, պետք է գտնել այն նիշաները, որտեղ կարող ենք այս հարաբերությունները աշխատեցնել: Թրամփի կրոնական աջ բազայում Հայաստանի համար մեծ աջակցություն կա: Այդ մարդկանցից շատերը եղել են այստեղ վերջին մի քանի տարիների ընթացքում, նրանք հայտարարություններ են արել, և հանրապետականների շարքում կան տարբեր մարդիկ, որոնք աջակցում էին Հայաստանին:

– Ինչպե՞ս կարող ենք մենք պահպանել այս հավասարակշռությունը Իրանի, Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև, որտեղ կա ակնհայտ համագործակցություն և տարաձայնություններ:

– Թե Թրամփը, թե նրա ընտրված փոխնախագահը ուլտրա-ագրեսիվ կերպով հակաիրանական են, սակայն միևնույն ժամանակ հստակ հայտարարել են, որ չեն ուզում պատերազմ Իրանի դեմ, դա չի ծառայում ԱՄՆ շահերին: Կարծում եմ՝ նրանք հավանաբար կվերացնեն Իսրայելի համար ինչ-որ զսպիչ միջոցներ։ Դա շատ ավելի վտանգավոր է, քան այն, ինչ Միացյալ Նահանգներն ինքը կանի, որովհետև նրանք քարոզարշավին հստակ ներկայանում էին որպես հակապատերազմական կուսակցություն: Կուսակցություն, որն ասում է՝ «մենք չենք ուզում, որ ձեր երեխաները մեռնեն անապատի պատերազմներում»: Այնպես որ, այդ երկու կետերը հակասական կլինեն, և կարծում եմ՝ նրա հիմնական բնազդը կլինի թույլ տալ իսրայելցիներին իրենց ուզածն անել, բացի Միացյալ Նահանգներին պատերազմի մեջ ներքաշելուց:

– Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնի Հայաստանը Թրամփի նոր վարչակազմի առաջին 100 օրերին:

– Ոչ ոք, Միացյալ Նահանգների բնակիչներից բացի, առաջին 100 օրերին զգուշանալու բան չունի, որովհետև, կարծում եմ, առաջին 100 օրերին նա կենտրոնանալու է արտաքսումների և սահմանը փակելու վրա: Դա ավելին կլինի, քան այն, ինչ տեղի է ունենում միջազգային հարթակում։

Ակնհայտ է, որ Մակրոնը սկսում է ավելի շատ հանդես գալ որպես մեծ դերակատար։ Նա միշտ ցանկացել է լինել Եվրոպայի առաջնորդը, և Մակրոնը դրական է տրամադրված Հայաստանի հանդեպ: Այնպես որ, չգիտեմ՝ արդյոք ամեն ինչ այնքան մռայլ կլինի, որքան բոլորն են կանխագուշակում։ Մենք կարող ենք Ֆրանսիայի ուշադրությանն ավելի շատ արժանանալ, ի վերջո։

Գլխավոր իրականությունն այն է, որ Եվրոպայի անվտանգությունը ժամանակի ընթացքում դառնալու է ավելի շատ Եվրոպայի պատասխանատվությունը՝ անկախ նրանից, թե ով է ԱՄՆ նախագահը։ Իրականությունն այն է, որ Եվրոպան ունի դրա համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները։ Նրանք պարզապես չեն ցանկացել դա անել, որովհետև Միացյալ Նահանգները ցանկանում էր վերցնել այդ դերը: Եվրոպան, ԵՄ-ն աշխարհի ամենամեծ տնտեսություններից է:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել