Ներքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում առանց հանրային լայն կոնսենսուսի ձեռնպահ մնալ տնտեսվարողների տեսախցիկներին հասանելիություն ստանալու ու 24-ժամյա իրական ռեժիմով վերահսկողություն իրականացնելու նախագիծը երկրորդ ընթերցման ներկայացնելուց։
«Եթե հանրությունը, որի շահերի պաշտպանության երաշխավորմանն էր միտված այս նախագիծը, չունի լայն կոնսենսուս հենց իր անվտանգությանը միտված այս նախաձեռնության շուրջ, ապա ՀՀ ներքին գործերի նախարարությունը նման պայմաններում սառեցնում է նախագծի հետագա ընթացքը՝ շահագրգիռ մարմիններին կրկին քննարկման սեղան հրավիրելու մեծ պատրաստակամությամբ»,- ասված է գերատեսչության տարածած հայտարարությունում։
ՆԳՆ-ից նշում են՝ թեև հետապնդվող նպատակն իրավաչափ է, սակայն հանրության տարբեր խմբերի ընկալումներում «որոշ մտահոգություններ դեռևս փարատված չեն»։
Հունիսի 12-ին տնտեսվարողների տեսախցիկներին հասանելիություն ստանալու նախագիծն ԱԺ-ում ընդունվել էր առաջին ընթերցմամբ։ Սեպտեմբերին նախագծի քննարկումը երեք ամսով հետաձգվել էր։ ՆԳՆ-ից պարզաբանում էին, որ իրենց նպատակը հանցագործության դեմ պայքարն է, իրավաբաններն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները նախագծում խնդիրներ էին տեսնում։