Էրդողանի դեմ հետաքննություն չի սկսվի

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը չի տվել իր համաձայնությունը երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ հետաքննություն սկսելու համար, հաղորդում է թուրքական Radikal-ը: Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում առաջարկին դեմ է քվեարկել մեջլիսի 314 անդամ, կողմ`98-ը:

Թուրքիայի վարչապետ Էրդողանի դեմ հետաքննություն անցկացնելու առաջարկ էր ներկայացրել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը: Ըստ ընդդիմադիր կուսակցության` էրդողանի դեմ հետաքննություն պետք է սկսել դատական համակարգին անմիջական հրամաններ արձակելու մեղադրանքով:

Որպես հետաքննություն սկսելու պատճառ` թուրք ընդդիմադիրներն առանձնացնում են Էրդողանի արած արտահայտությունն այն լուսանկարների վերաբերյալ, որոնցում խորհրդարանի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները և Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները միասին էին: Անդրադառնալով այս լուսանկարներին` Էրդողանն ասել էր. «Դատական իշխանություններին անհրաժեշտ ամեն ինչ արդեն ասել ենք, նրանք էլ ինչ-որ պետք է կանեն: Մենք էլ մեջլիսում կանենք այն, ինչ որ պետք է»:

Մեկնաբանել