Վրաստանի ընդդիմադիր խմբերը Գերմանիայի դեսպանատան ֆեյսբուքյան գրառումը մեկնաբանել են որպես նախազգուշացում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը: Գերմանիայի դեսպանությունը հերքել է գրառման առնչությունը Վրաստանում ներկա իրադարձություններին։
«Խաղաղ հեղափոխությունը հնարավոր է։ Բեռլինի պատի փլուզումը դրա օրինակն է,- ասվում է նոյեմբերի 9-ին Facebook-ում դեսպանատան արած գրառման մեջ,- Տասնամյակներ շարունակ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունն (ԳԴՀ) իր քաղաքացիներին արգելափակված էր պահում մի համակարգում, ուր ճնշումներ և բռնություններ էին տիրում։ ԳԴՀ քաղաքացիները, ցույց տալով իրենց քաջությունն ու ցանկությունը՝ վճռելու իրենց ճակատագիրը և ապրելու ազատության մեջ, հասան նրան, որ Բեռլինի պատի քանդվեց»։
«Ազատությունն ինքն իրեն չի գալիս, մենք պետք է պայքարենք դրա համար, այդպես է եղել այն ժամանակ և այդպես է այսօր, այստեղ և ամբողջ աշխարհում»,- նշվում է հայտարարությունում։
Չնայած նմանատիպ հայտարարություններ տարածվել են Գերմանիայի դեսպանատների կողմից Բրյուսելում, Բաքվում, Պոդգորիցայում, Դաքայում, Ռիգայում և այլ մայրաքաղաքներում, Վրաստանում ընդդիմադիր որոշ գործիչներ գրառումը մեկնաբանել են որպես նախազգուշացում «Վրացական երազանք»-ին։
«Միասնություն-Ազգային շարժում» ընդդիմադիր խմբավորման առաջնորդ Թինա Բոկուչավան շաբաթ լրագրողներին ասել է, թե «այն, որ Գերմանիայի դեսպանատունը դիտարկում է խաղաղ հեղափոխությունը՝ որպես խաղաղ իշխանափոխության մեթոդ, պետք է նշան լինի [Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա] Իվանիշվիլի համար, որ իր կառավարությունը հավերժ չէ, և որ գլխավոր ուժը եղել է, կա և կլինի այն ժողովուրդը, որի՝ սեփական ապագան որոշելու ազատ կամքը նա գողացավ հոկտեմբերի 26-ին»։
«Կոալիցիա հանուն փոփոխությունների» ընդդիմադիր խմբի առաջնորդներից Նիկա Գվարամիան նույնպես ենթադրել է, որ դեսպանատան գրառումը կարող է ակնարկ լինել Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Ենթադրենք, որ այս գրառումը վերաբերում էր Գերմանիայի վերամիավորմանը և Բեռլինի պատի փլուզմանը, բայց ամեն ինչ իր ժամանակն ու տեղն ունի, և տերևը ծառից պատահական չի ընկնում»,- ասել է Գվարամիան։
Իշխող կուսակցության անդամները հիմնականում հերքել են ընդդիմադիր գործիչների հայտարարությունները։
Խորհրդարանի փոխնախագահ Նինո Ցիլոսանին շաբաթ իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերությանն ասել է, որ «հավանաբար ինչ-որ մեկը կոտրել է դեսպանատան ֆեյսբուքյան էջը և գրել այս իսկապես անբարյացակամ, կողմնակալ, միանգամայն անտեղի տեքստը՝ պարզապես Գերմանիայի դեսպանատանը վարկաբեկելու համար»:
Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն նույնպես անդրադարձել է դեսպանատան ֆեյսբուքյան գրառմանը՝ ընդդիմությանը մեղադրելով «պատմությունը չիմանալու մեջ»։
«Որքանով ես գիտեմ, ընդդիմադիրներից ոմանք արդեն հայտարարություններ են արել, և ես ուզում եմ նրանց հիշեցնել Եվրոպայի և Գերմանիայի պատմությունը, թե ինչի հետ է կապված նոյեմբերի 9-ը»,- ասել է նա։
«Գերմանիայում սա նշանակում է գերմանական պատի փլուզումը։ Սա պատմական օր է նրանց համար, և, հետևաբար, երբ դեսպանատունը հայտարարություն է անում այդ մասին, բնականաբար նրանք նշում են իրենց պատմական օրը։ Ընդդիմությունը, ելնելով պատմությանն իր անտեղյակությունից, չպետք է փորձի դեսպանատան արած հայտարարությունը մեկնաբանել սեփական նպատակներով»,- հավելել է նա։
Ավելի ուշ Գերմանիայի դեսպանատնից «Իմեդի»-ին ասել են, որ գրառումը «վերաբերում է Բեռլինի պատի փլուզմանը, և ցանկացած այլ մեկնաբանություն սխալ է»:Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը նույնպես նոյեմբերի 9-ին գրառում է արել X-ում՝ ընդգծելով, որ պատի փլուզումը «գլոբալ նշանակության իրադարձություն էր, որը խորհրդանշում է պատմական շրջադարձը Եվրոպայում Խաղաղության, Ազատության և Միասնության համար»:
#9Novembre1989 Fall of #BerlinWall was an event of global significance, symbolizing a historic turning point for Peace, Freedom & Unity in Europe. Then mayor of West-Berlin said: “We Germans are now the happiest people in the world.” That's all. #mauerfall35
— Peter Fischer (@Diplo_Peter) November 9, 2024