Պուտինը ռուսաստանցիների հետ այլևս չի շփվի «ուղիղ գծով»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի կարող է հրաժարվել երկրի բնակչության հետ շփումից «ուղիղ գծի» ձևաչափով, որը վերջին տասը տարիներին դարձել է ավանդական, ռուսական «Կոմերսանտ» թերթին վստահեցրել է պետության ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պարբերականի աղբյուրները տեղեկացրել են, որ «ուղիղ գծի» փոխարեն հնարավոր է՝ Պուտինը արդեն նոյեմբերի սկզբին հրավիրի մեծ մամլո ասուլիս։

Պեսկովը նշել է, որ «ուղիղ գծից» ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել։ «Պարզապես այս տարի այլ ձևաչափ կլինի»,- պարզաբանել է նա։ Ի պատասխան թերթի հարցին, թե ինչ ձևաչափով է Պուտինն այս տարի շփվելու ժողովրդի հետ, մամլո քարտուղարն ասել է, որ այդ մասին կհայտարարվի «համապատասխան կերպով»։ Պեսկովը նաև թերթին տեղեկացրել է, որ ՌԴ նախագահի՝ Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ամսաթիվն առայժմ հայտնի չէ։ «Կոմերսանտի»՝ Կրեմլում ունեցած աղբյուրն ասել է, որ ուղերձի նախապատրաստումը ձգձգվում է, քանի որ կարևոր է՝ նոր նախագահի առաջին ուղերձը պարունակի «ռազմավարական շատ լուրջ առաջնահերթություններ», ինչպես նաև «էներգետիկ ու քաղաքական հզոր լիցք»։

Վլադիմիր Պուտինի՝ ռուսաստանցիների հետ շփումը «ուղիղ գծի» ձևաչափով առաջին անգամ իրականացվեց 2001թ․։ 2008թ․, երբ նա դարձավ վարչապետ, ավանդույթը պահպանվեց, սակայն ձևաչափը ստացավ «Զրույց Վլադիմիր Պուտինի հետ» անվանումը։ Անցյալ տարի Պուտինը սահմանեց ռուսաստանցիների հետ շփման յուրօրինակ ռեկորդ՝ զրույցը տևեց մոտ 4,5 ժամ, նրան հետևել է երկրի հեռուստադիտողների 40%-ը։

Մեկնաբանել