Սիրանուշ Ադամյան
2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկվելու ու տեղահանվելուց հետո բազմաթիվ արցախցիներ Հայաստանում առերեսվում են փաստաթղթերի վերականգնման խնդրին։ Ծննդյան, մահվան, ամուսնության վկայական վերականգնելու համար դիմում են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն։ Եթե այնտեղ չի ստացվում խնդիրը լուծել, նոտարի են դիմում, այնուհետև՝ դատարան։
Սրբուհի Գրիգորյանն իր ծննդականն Արցախում է թողել. այս տարվա փետրվարից սկսած փորձում է վերականգնել այն։ Նոտարական կարգով վերականգնելու համար պահանջել էին մի շարք փաստաղթեր, որոնք ևս չունի։ Ստիպված դիմել է դատարան։
«Նոտարական կարգով ինձնից ուզում էին փաստաթուղթ, որը հավաստում է, որ ես ծնվել եմ Ճարտար քաղաքում հենց այս ընտանիքում, կամ ծնողների ամուսնության վկայական, կամ քույր-եղբոր ծննդյան վկայական։ Բայց ես մենակ եմ, քույր-եղբայրներ չունեմ, իսկ ծնողներիս ամուսնության վկայականը մնացել է Արցախում։ Բնականաբար արխիվում այդ փաստաթուղթն էլ չկա։ Բայց իմ սոցիալական քարտում նշված է, որ Ճարտար քաղաքից եմ, ծնվել եմ Ճարտար քաղաքում։ Այսինքն, սա էլ ինչ-որ ձևով հիմք է, քանի որ իմ անձնագրում չկա։ Ինձ թվում է՝ ցանկության դեպքում հնարավոր էր այս գործընթացն ավելի կարճ անել»,- ասում է Սրբուհին։
Արցախցիները մեծ գումարներ են ծախսում փաստաթղթերի վերականգնման համար։ Անահիտ Մելքումյանը նոտարական կարգով փաստաթղթի վերականգնման համար ծախսել է մոտ 70,000 դրամ, մինչև որ ստացվել է։
«Ինձ համար այդ 70 հազարն ահագին փող է, այնպես չէ, թե փոքր գումար է։ Ամբողջ ամիս տանջվում եմ, 84,000 դրամ փող եմ ստանում։ Մարդկանց աշխատած երկու կոպեկը այդ ճանապարհների, այդ թղթերի վրա է ծախսվում»,- ասում է Անահիտը։
Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանին ամեն օր խորհդատվության համար մի շարք արցախցիներ են դիմում, իսկ շաբաթական առնվազն երեք հոգի դիմում է նրան՝ դատարան դիմելու համար։ Նրա խոսքով՝ տեղին կլիներ կիրառել Արցախի փորձը. «1990-ական թվականներից հետո Բաքվից, Սումգայիթից, Ադրբեջանի Հանրապետությունից հազարավոր հայեր էին գաղթել, որոնց մի մասը տեղակայվել էր և իրենց կյանքը շարունակել Արցախի Հանրապետությունում։ Այդ անձանց համար Արցախի արդարադատության նախարարությունը, ՔԿԱԳ մարմինը հեշտացված ընթացակարգ էր ստեղծել և առանց բոլոր փաստաթղթերի առկայության՝ վերականգնում էր այն ակտերը, որոնք քաղաքացիները կորցրել էին», – ասում է նա։
Արցախցիներից շատերը չգիտեն՝ ինչ անել փաստաթղթերի վերականգնման համար, ուր դիմեն։ Պետական մարմիններն անգամ ուղեցույցներ չեն հրապարակել արցախցիների համար, որպեսզի մարդիկ գոնե տեղյակ լինեն, թե ինչ քայլերով պետք է վերականգնեն փաստաթղթերը։
Փաստաթղթերի վերականգնումը կարևոր է հենց քաղաքացիություն ստանալու համար, իսկ առանց քաղաքացիության արցախցիները չեն կարող դիմել կառավարության նախաձեռնած՝ Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ փաստաթղթերի ամբողջականությունը կարևոր է քաղաքացիության որոշման համար. «Այստեղ մենք հիմնական խնդիրներ ունենում ենք ծննդյան վկայականների հետ, սակայն ծննդյան վկայականը այն հիմքն է, այն հիմնական առաջնային փաստաթուղթն է, որը թույլ է տալիս անձի առաջնային նույնացումն իրականացնել, իսկ առանց առաջնային նույնացման՝ քաղաքացիության տրամադրման գործընթացը անհնարին է»,- ասում է Արմեն Ղազարյանը։
Քանի՞ արցախցի է դիմել փաստաթղթերի վերականգնման համար ու քանիսին են մերժել։ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան արդարադատության նախարարությունից հայտնել են, որ «չունեն ծրագրային հնարավորություն՝ տարանջատելու մուտքագրված ՔԿԱԳ վերականգնման դիմումներն ըստ ԼՂ և ՀՀ հաշվառման կամ ըստ ակտային գրանցման տեսակի, ինչպես նաև հնարավոր չէ առանձնացնել Լեռնային Ղարաբաղի հաշվառում ունեցող անձանց տրամադրված մերժման որոշումներն ըստ քանակի»:
Արխիվային տեղեկությունների վերաբերյալ նախարարության պատասխանում նշվում է, որ «ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից Արդարադատության նախարարությանն է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից իրականացված ՔԿԱԳ գրանցամատյանների փաստաթղթային արխիվի մի մասը»։
Հնարավոր չէ՞ արդյոք արցախցիների համար հեշտացնել գործընթացը կամ գոնե գումար չգանձել նրանցից. թեմայի շուրջ նոտարական պալատից ու արդարադատության նախարարությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Հոկտեմբերի 23-ին նախարարությանը Սիվիլնեթի ուղղած գրավոր հարցերը դեռ պատասխանի են սպասում։
Իսկ արցախցիները շարունակում են տանջվել՝ ԶԱԳՍ-ից գնալով նոտարական գրասենյակներ, այնտեղից՝ դատարան ու ծախսելով մեծ գումարներ։