Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են կեղծ տեսանյութեր, որոնք հաղորդում են իբր հայտնի բժիշկների դեմ մահափորձերի մասին։ Ըստ այդ կեղծ նյութերի՝ նրանք իբրև «հրաշագործ» դեղամիջոցներ են ստեղծել։
Լայն տարածում ստացած տեսանյութերից մեկում լրագրող Նվեր Մնացականյանի ձայնի կրկնօրինակմամբ հաղորդվում է, թե բժիշկ Արմեն Աստվածատրյանի դեմ մահափորձ է կատարվել դեղագործական ընկերությունների դեմ ելույթների պատճառով։
«Հայտնի բժիշկը դեռ հիվանդանոցում է երեկվա մահափորձից հետո։ Նրա մեքենան պայթեցվել է տան մոտ»,- հայտնում է Մնացականյանի կեղծված ձայնը։
Այնուհետև տեսանյութում հայտնվում է բժիշկ Աստվածատրյանը և պատմում իր դեմ ուղղված սպառնալիքների մասին։ «Պատրաստ են սպանել ինձ ու ընկերներիս, որպեսզի լռեցնեն»,- հայտնում է բժշկի «դիփֆեյքը»։
Բժիշկ Արմեն Աստվածատրյանի նկատմամբ մահափորձի լուրը կեղծ է։ Բժիշկը չի ստեղծել կեղծ տեսանյութերում հիշատակվող «հրաշք» դեղամիջոցը և չի արելտեսանյութում իրեն վերագրվող հայտարարությունները։
Գագիկ Սուրենյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութ
Մեկ այլ կեղծ տեսանյութում հայտնի օդերևութաբան Գագիկ Սուրենյանի կերպարն ու կրկնօրինակված ձայնը խարդախները օգտագործել են՝ պատմելու հորինված պատմություն հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանի և դեղագործական ընկերության ներկայացուցիչների միջև ծեծկռտուքի մասին։
Ուշագրավ է, որ զեղծարարները տեսանյութում օդերևութաբան Սուրենյանի և բժիշկ Սահակյանի կեղծ ելույթներից բացի, վստահություն ներշնչելու համար օգտագործել են բժշկի՝ իբր ծեծկռտուքից հետո «վնասված դեմքով» կեղծ նկարներ։
Բնօրինակ տեսանյութերը, որոնց հիման վրա խարդախները ստեղծել են կեղծ դիփֆեյք տարբերակները, չեն պարունակել կասկածելի դեղամիջոցների գովազդ կամ «սկանդալային» լուրեր բժիշկների մասին։
Խարդախները օգտագործել են բժիշկների՝ Արմեն Աստվածատրյանի և Արտավազդ Սահակյանի հին տեսանյութերը, որտեղ նրանք խոսում են իրենց մասնագիտական գործունեության մասին։ Իսկ հաղորդավարներ Նվեր Մնացականյանի և Գագիկ Սուրենյանի դեպքում օգտագործվել են նրանց սովորական հեռուստաեթերներից՝ լուրերի և եղանակի տեսության հաղորդումների կադրեր։
«Հրաշագործ դեղամիջոցի» խաբեության սխեման
Բոլոր տեսանյութերում հնչող կեղծ պատմությունները նույն սցենարով են զարգանում. իբր հայտնի բժիշկն ստեղծել է «Կարդինեո» կամ այլ անվամբ դեղամիջոց, որը բուժում է գրեթե բոլոր հիվանդությունները, սակայն դեղագործական ընկերությունները փորձում են լռեցնել նրան։ Խարդախների նպատակը բոլոր դեպքերում նույնն է՝ բժիշկների և լրագրողների հեղինակությունն օգտագործելով՝ գովազդել և վաճառել կասկածելի դեղամիջոցներ։
Տեսանյութերին կից հղումները տանում են կասկածելի կայք, որտեղ առաջարկվում է ձեռք բերել բժիշկների գովազված «դեղամիջոցը»՝ զանգի պատվիրման անկետա լրացնելով։
Ուշագրավ է, որ խարդախների կայքում նշվում է, թե ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում Հայաստանի քաղաքացիներին դեղամիջոցը իբր անվճար է տրամադրվում, սակայն հետագայում պարզվում է, թե դեղամիջոցն այնուամենայնիվ պետք է գնել։
Սակայն հեռախոսազրույցում խարդախները հայտնում են, թե միջոցը կարելի է պատվիրել միայն սուրհանդակային ծառայության միջոցով՝ 52 000 դրամով։ Այնինչ, առցանց հարթակներում միջոցը վաճառվում է որպես վիտամիններով հագեցած սննդային հավելում մոտ 2 000 դրամով (500-600 ռուբլի) և ապրանքի վկայականում հստակ նշվում է, որ այն չի հանդիսանում դեղամիջոց։
Ավելի վաղ զեղծարարները մեկ այլ դիփֆեյք տեսանյութում տարածել էին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի կեղծված ձայնով հորինված պատմություն, թե Արտավազդ Սահակյանը սպանվել է իր ստեղծած «դեղամիջոցի» պատճառով։
Տես՝ Արտավազդ Սահակյանը չի սպանվել և «հրաշագործ» դեղամիջոց չի գովազդում. դիփֆեյքի տեսանյութի հետքերով
«Ազատություն» ռադիոկայանն անդրադարձել էր այս կեղծիքին։
Այսպիսով, սոցիալական ցանցերում տարածվող այս տեսանյութերը կեղծ են և ստեղծվել են արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով՝ մարդկանց մոլորեցնելու և դեղերի անվան տակ կասկածելի միջոցներ վաճառելու նպատակով։