Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով խարդախության և փաստաթղթերի կեղծման համար հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքը չկատարելու հիմքով։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։
Հոկտեմբերի 25-ին էլ արդարացվել էր Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը, նրա նկատմամբ ևս քրեական հետապնդումը դադարեցվել էր։ Հայկ Շամիրյանի, Միշա Գյուրջյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի քրեական գործերը նման են։ Նրանք մեղադրվում էին փաստաթղթեր կեղծելու և իրենց անունով մեքենաներ գրանցելու համար։ Դավիթ Սարգսյանի գործը դեռ նախաքննության փուլում է, նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։
Այս բոլոր քրեական վարույթները նախաձեռնվել են մայիսին։ Իրավապաշտպանները համոզված են, որ այդ գործերն ունեն քաղաքական շարժառիթ, քանի որ մայիսին ակտիվ փուլ էր մտել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ սրբազանի ղեկավարությամբ, իսկ քաղաքապետները աջակցում էին այդ նախաձեռնությանը։
Ասկերանի քաղաքապետի նկատմամբ հետապնդումը, սակայն, շարունակվում է մեկ այլ՝ «հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու» հոդվածով։
«Այդ մասով գործը ուղարկվելու է դատարան։ Կարծում ենք ապօրինի է, բայց քննչական մարմնի դիրքորոշումը, այնուամենյանիվ, դա է»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։
Այս գործի շրջանակում Հայկ Շամիրյանի ազգական Կամո Հարությունյանի նկատմամբ նույն հոդվածով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքը չկատարելու հիմքով։ Փաստաբանն ակնկալում է, որ Հայկ Շամիրյանի նկատմամբ հետապնդումը ևս կադադարացվի։
Կարդացեք նաև՝ «Մարտակերտի քաղաքապետն արդարացվեց․ ի՞նչ է սպասվում մյուս քաղաքապետներին»