Կազմել նախադասություն «գինի», «կամավոր», «Ենոքավան», «հռչակագիր» բառերով 

Նիկոլ Փաշինյան, 14.10.2024.

«Կամավորը պետության չգոյության սիմվոլն է։ Այդ կամավորը գույություն ունի պետության չգոյության պայմաններում։ Այդ կամավորը գոյություն ունի միայն այն պատճառով, որ պետություն գոյություն չունի»։

Նիկոլ Փաշինյան, 14.10.2020

«Եվ ուրեմն՝

Կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը

Կեցցե Արցախի Հանրապետությունը,

Կեցցե Հայոց բանակը,

Կեցցե Հայոց կամավորը»:

Խնդրում եմ ուշադրություն դարձնել ամսաթվին։ Հայ կամավորի մասին վերջին դիտարկումը արվել է 2024-ի նոյեմբերի 14-ին։

Ուղերձն 2020-ի նոյեմբերի 14-ին էր։

Սովորաբար որևէ դրսևորման պարբերականությունը, դրա ինտերվալը կարևոր գործոն են մասնագիտական եզրահանգման համար։

Հեռավոր 2020-ի հոկտեմբերի 3-ին՝ «Մեր զինվորներն ու կամավորները չեն խնայում ոչինչ և հերոսության աներևակայելի օրինակներ են ցույց տալիս»։

Ժամանակագրությամբ ավելի թարմ մտարտադրությունը հիմք ընդունելով՝ կունենանք սա՝ «կեցցե պետության չգոյության սիմվոլը, կեցցե կամավորը, որը գոյություն ունի միայն այն պատճառով, որ պետություն գոյություն չունի, մեր զինվորներն ու պետության չգոյության սիմվոլները հերոսության աներևակայելի օրինակներ են ցույց տալիս»։

Նիկոլ Փաշինյան, 15.10.2024

«Պատմական Հայաստանի մոդա ա»։

Նիկոլ Փաշինյան, 14.10.2020

«Մեր հզոր նախնիների՝ Արտաշես Արքայի, Տիգրան Մեծի, Աշոտ Երակթի, Արամ Մանուկյանի, Հհովհաննես Բաղևամյանի, Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի մեր մյուս նահատակների և հերոսների հոգիները, ոգին և ուժը մեզ հետ են այսօր»։

«Ինչ վերաբերում է Ենոքավանին՝ Ենոքավանի հարցում մի քիչ զգույշ պետք է լինել, որովհետև առաջին հանրապետության ձևավորումից առաջ Գյանջայի նահանգի Ղազախի գավառի կազմում է Ցարական Ռուսաստանի մաս է եղել Ենոքավան-Քրդեվանը (Aniarc)։ Մեծարգո վարչապետի հայտարարությունը կարող է Ալիևի՝ սահմանային նոր նկրտումների տեղիք տալ։ Եվ այդ դեպքում պարոն վարչապետը ինքն էլ կարող է ստիպված լինել «պատմական Հայաստանի մոդային» ենթարկվել։

Նիկոլ Փաշինյան, 15.10.2024

«Տասնյակ անգամներով կարդացել եմ մեր անկախության հռչակագիրը, և ես եկել եմ սարսափելի եզրակացության, որ էդ անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին ա, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարա գոյություն ունենա»։

«Իրական Հայաստանի քաղաքացին նա ա, որ էստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում»։

Նիկոլ Փաշինյան, 05.08.2019, Ստեփանակերտ, Վերածննդի հրապարակ

«Իսկ ո՞ր ժողովրդի մասին է խոսքը, ո՞ր ժողովուրդն է, որ հանդես է եկել և հանդես է գալիս որպես հեղափոխությունն իրականացրած սուբյեկտ, որպես հեղափոխության շահառու։ Խոսքը արդյոք կարո՞ղ է միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդի մասին լինել և մյուս կողմից՝ ո՞ւմ նկատի ունենք Հայաստանի Հանրապետության ժողովուրդ ասելով։

Այս հարցի պատասխանը տալիս է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը, որը, ի դեպ, տեղի ունեցած սահմանադրական երկու փոփոխությունների ընթացքում ոչ մի փոփոխության չի ենթարկվել։ Սահմանադրության նախաբանն ըստ այդմ արձանագրում է (մեջբերում եմ).

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած՝ ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված՝ հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը» (մեջբերման ավարտ):

Սահմանադրության նախաբանը, ըստ այդմ, արձանագրում է, թե ով է Հայաստանի Հանրապետության հիմնադիրը, ավելի արտահայտիչ՝ Հայաստանի Հանրապետության սեփականատերը։ Արձանագրումը, հետևաբար, միանշանակ է՝ հայ ժողովուրդը. հայ ժողովուրդն է Հայաստանի Հանրապետության իրավատերը, նրա ճակատագրի որոշողն ու պատասխանատուն։

Ընդ որում, սա ընդամենը սահմանադրական ձևակերպում կամ նախադասություն չէ, այլ մի գիտակցություն, որ, համոզված եմ, անթեղված կամ ակտիվ գիտակցության կարգավիճակում նստած է յուրաքանչյուր հայի մեջ։ 2018 թվականի հեղափոխությունը նաև սրա ապացույցը դարձավ, որովհետև հեղափոխության գործընթացը չսահմանափակվեց միայն Հայաստանի Հանրապետությամբ, այլ ծավալվում էր ամբողջ աշխարհով՝ Սան Պաոլոյից մինչև Լոս Անջելես, Փարիզից մինչև Սիդնեյ, Լոնդոնից մինչև Խաբարովսկ։

Իսկ որ բանակը կամավորներից չպիտի կազմված լինի, այլ կանոնավոր պետք է լինի՝ վաղուց էին հասկացել՝ այն ժամանակ, երբ գինին անապակ էր։

Մեկնաբանել