Փաշինյանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:

«Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին»,- նշված է հաղորդագրությունում։

Հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթել էր նոյեմբերի 5-ին Միացյալ Նահանգներում անցկացված նախագահական ընտրություններում։ Հաղթանակի կապակցությամբ Թրամփին հղած շնորհավորական ուղերձում Փաշինյանը համոզմունք էր հայտնել, որ ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն. «Կշարունակենք արձանագրել նորանոր ձեռքբերումներ՝ իրագործելով ռազմավարական գործընկերության մակարդակին հասնելու մեր տեսլականը»։

Մեկնաբանել