Թուրքիայի ազգային փոքրամասնությունները` ընդդեմ թուրքական դասագրքերի

Թուրքիայում գործող «Ասորական միությունների դաշնությունը» Թուրքիայի ազգային կրթության նախարարությունից կրկին պահանջել է միջնակարգ դպրոցներում ուսուցանվող գրքերից հանել ասորիներին վիրավորող ռասիստական արտահայտությունները, գրում է «Ակօսը»:

Խոսքը վերաբերում է հատկապես 10-րդ դասարանի պատմության դասագրքին, որում հայերը, հույներն ու ասորիներն անվանվում են «դավաճան և անջատողական»: Անցած տարի ասորական կազմակերպությունը կրկին պահանջել էր դասագրքերից հանել վերոնշյալ արտահայտությունները, սակայն դա տեղի չէր ունեցել, թեև Թուրքիայի ազգային կրթության նախարար Օմեր Դինչերը և կառավարությունը խոստացել էին դասագրքերից բացառել ազգային փոքրամասնություններին վիրավորող արտահայտությունները:

Մասնավորապես, բացի դավաճան և անջատողական արտահայտություններից, «Ասորիների դրությունը Օսմանյան կայսրությունում» գլխում նշվում է, թե ասորիներն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ռուսաստանի և եվրոպական երկրների հրահրմամբ ապստամբել են, սակայն պարտություն են կրել, որի հետևանքով ասորիների մեծ մասը լքել է երկիրը:

10-րդ դասարանի պատմության դասագրքի գլուխներից մեկում նշվում է, որ ռուսները սկսել են հայերին հրահրել Օսմանյան կայսրության դեմ, և այս քարոզչությունը շուտով իր արդյունքն է տվել:

Հայերին վերաբերող հատվածում ներկայացվում է նաև, որ Օսմանյան կայսրության բոլոր հատվածներում գործում էին հայկական դպրոցներ, որոնք հայկական հրոսակախմբերի համար զինապահեստ և շտաբ էին ծառայում:

«Հայերի հրահրած խաղերը» խորագրով գլխում թուրք դպրոցականներին պատմվում է, թե թուրքերը փորձել են ճնշել հայերի հրահրած ապստամբությունները, մինչդեռ «հայերը Եվրոպային ներկայացրել են, թե իբր թուրքերն իրենց կոտորում են»:

Մեկնաբանել