Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Հաստատում եմ, որ նախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել»,- ասաց Նարեկ Սարգսյանը։
Աշխատանքից ազատման մասին ավելի վաղ հայտնել էին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Տելեգրամյան ալիքներում և լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Կառավարության վերջին՝ նոյեմբերի 15-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ «Դատական, իրավապահ, ուժային կառույցների հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է»,- ասել էր Փաշինյանը։