Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ուղերձ է հղել՝ տեղեկացնելով, որ հեռանում է պաշտոնից։
«Եկել է պահը հայտնելու ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին։ Այն բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից։ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հեռանում եմ նույնպիսի ներքին հպարտությամբ ու ներդաշնակությամբ, ինչպես ստանձնել եմ այն ու աշխատել»,- ասված է ուղեձում։
Քյարամյանը շնորհակալություն է հայտնում վարչապետին և կառավարությանը՝ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար։
«Վստահ եմ, որ Հայաստանում շարունակվող դատաիրավական, իրավապահ մարմինների բարեփոխումները, ՀՀ քննչական կոմիտեի հետագա զարգացման ուղեցույցը լինելու է շարունակական, և մենք ունենալու ենք մեր պատկերացրած նախաքննական մարմինը»,- գրել է նա։
Աշխատանքից ազատման մասին ավելի վաղ հայտնել էին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը և ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Տելեգրամյան ալիքներում և լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Կառավարության վերջին՝ նոյեմբերի 15-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ «Դատական, իրավապահ, ուժային կառույցների հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է»,- ասել էր Փաշինյանը։