Հովիկ Աղազարյանի մասով ՔՊ-ում կարգապահական վարույթ կա, կլինեն հետևանքներ. Կոնջորյան

Դատաիրավական մարմիններում հրաժարականները անակնկալ չեն, քանի որ անցած ուրբաթ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է կայացվող որոշումների մասին։ Նոյեմբերի 18-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Մարդիկ ունեն արդարության պահանջ ու մենք կարևորում ենք, որ այն էմոցիոնալ պահանջից դառնա ինստիտուցիոնալ իրողություն։ Կան արված գործեր, բայց կան նաև բացթողումներ»,- ասաց Կոնջորյանը՝ վստահեցնելով, որ այդ հրաժարականները նախընտրական ենթատեքստ չունեն։

Նրա խոսքով՝ Հայաստանում հանցավորության մակարդակն անթույլատրելի է, որի «դեմը պետք է առնել»։ Կոնջորյանը հայտարարեց՝ կառավարող քաղաքական ուժն իր դժգոհությունը իրավապահների վերաբերյալ վերջին ամիսներին հայտնել է։

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ ասաց՝ պրոցեսները տեղի չեն ունեցել գիշերը և վարչապետի ուրբաթօրյա ելույթը ենթադրել է հետևանքներ, որն էլ տեղի է ունեցել։

Անդրադառնալով լուրերին, որ մանդատներից հրաժարվելու են ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը, Հայկ Կոնջորյանը պատասխանեց՝ կուսակցությունում կա կարգապահական վարույթ ու դա կունենա հետևանքներ։ Վարույթի հարուցումը, ըստ նրա՝ նշանակում է, որ հիմքեր են եղել։

Նոյեմբերի 18-ին աշխատանքից ազատման դիմումներ են գրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Կառավարության վերջին՝ նոյեմբերի 15-ի նիստին վարչապետը հայտարարել էր, որ իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ «Դատական, իրավապահ, ուժային կառույցների հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

***

Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև վեճ էր եղել: Աղազարյանը դիտողություն էր արել Քյարամյանին, հորդորել պատգամավորների հետ հարգալից խոսել։ Վեճի ընթացքում Քյարամյանը պնդել էր, թե իրեն առնվազն երկու անգամ դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով։ Միջադեպից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը)։

Մեկնաբանել