Ադրբեջանն ավելացնում է ռազմական ծախսերը

Ադրբեջանը հաջորդ տարվա համար ավելացնում է ռազմական ծախսերը։ Ըստ Ադրբեջանի 2025-ի պետական բյուջեի՝ կառավարությունը պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի համար հատկացնելու է շուրջ 4,9 միլիարդ դոլար։

Ընդհանուր գումարից 1,567 մլրդ դոլարը ուղղվելու է պաշտպանական ուժերի, մոտ 275 մլն դոլարը՝ ազգային անվտանգության, շուրջ 318 մլն՝ սահմանային ուժերի ծախսերի համար։ Իսկ պաշտպանության և ազգային անվտանգության այլ կարիքների համար նախատեսված է շուրջ 2,7 մլրդ դոլար։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ռազմական ծախսերի համար ի սկզբանե նախատեսված էր շուրջ 3,9 միլիարդ դոլար, սակայն հաշվի առնելով Հայաստանի՝ սպառազինություններ ձեռք բերման քաղաքականությունը, Ադրբեջանը պաշտպանական և ազգային անվտանգության ոլորտին հատկացվող գումարը ավելացրել է մոտ 1 մլրդ դոլարով։

Մեկնաբանել