«Տարակուսելի կլիներ Հայաստանի մասնակցությունը՝ հաշվի առնելով, որ Բաքվում հայ ռազմագերիներ են պահվում։ Առնվազն շատ կարևոր կլիներ, եթե Հայաստանի մասնակցության դեպքում Ադրբեջանը վերադարձներ հայ ռազմագերիներին, ինչը, ցավոք, տեղի չունեցավ». այսպես բացատրեց Բաքվի համաժողովին Հայաստանի չմասնակցելը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա հավատացրեց, որ այս որոշումն ըմբռնեցին նաև միջազգային հարթակներում։
Սահմանադրության հարցը խաղաղության պայմանագրի օրակարգո՞ւմ է
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը վստահեցնում է, որ [Հայաստանի] Սահմանադրության փոփոխության հարցը, որը շարունակաբար Ադրբեջանը բարձրացնում է, խաղաղության պայմանագրի տեքստում ներառված չէ։ Հայաստանն այս հարցի շուրջ չի բանակցում։
«Ես կարծում եմ՝ դա էսպես քարոզչական հարց է։ Մենք վերջին տարվա ընթացքում շատ երկար դրա մասին խոսել ենք, ու Հայաստանը բազմիցս է հայտնել, որ մեր Սահմանադրության մեջ չկա որևէ տեսակի տարածքային պահանջ մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ»,- ասաց Խանդանյանը։
Արդյոք սահմանազատման գործընթացը կա՞նգ է առել
Այս հարցի մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև այժմ քննարկումներ են ընթանում։ Խանդանյանը վստահեցնում է՝ գործընթացը կանգ չի առել, որոշվում է հաջորդ սահմանազատման հատվածը։
«Հայաստանի մասով կարող եմ ասել, որ մենք հաստատակամ ենք այդ պրոցեսը շարունակելու, իհարկե, դա ժամանակ կխլի, որովհետև այն փոքր հատվածը Տավուշում մի քանի ամիս տևեց»,- նշեց նա։
Հաղորդակցությունների ապաշրջափակում․ ո՞վ է իրականացնելու վերահսկողությունը
Սարգիս Խանդանյանը, խոսելով հաղորդակցությունների ապաշրջափակման՝ երկու երկրի համար ընդունելի տարբերակի մասին, ասաց, որ Հայաստանի կառավարությունն Ադրբեջանին առաջարկներ է ուղարկել, սպասում է արձագանքի։ Նա հավելեց, որ Հայաստանի առաջարկներն ամբողջությամբ տեղավորվում են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքների մեջ։ Առաջարկի հիմքում դրված են երկրների իրավազորության, ինքնիշխանության, հավասարության և փոխադարձության սկզբունքները։
«Ինչ վերաբերում է ճանապարհների վերահսկողությանը, բնականաբար, էդ անվտանգության կոմպոնենտը Հայաստանում Հայաստանն է, Հայաստանի Հանրապետությունը պիտի ապահովի, Ադրբեջանում Ադրբեջանի Հանրապետությունը»,-տեղեկացրեց Խանդանյանը՝ հավելելով, որ հնարավոր է օգտագործվեն ժամանակակից տեխնոլոգիաներ, սկանավորման մեթոդներ, որոնք անցումները կդարնձեն առավել հեշտ ու արագ։
Կստորագրվի՞ արդյոք խաղաղության պայմանագիրը
Հարցին, թե Հայաստանը միանձնյա կարո՞ղ է ստիպել Ադրբեջանին գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, թե՞ միջազգային մեխանիզմների կարիք կա, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ թեև վերջին շրջանում տեքստի շուրջ Հայաստանն ու Ադբեջան երկկողմ են բանակցել, բայց միջազգային հանրության ուշադրությունը և ներգրավվածությունը շատ կարևոր է։
«Մենք միշտ մեր միջազգային գործընկերների ուշադրությունը թե՛ կառավարության մակարդակում և թե՛ նաև խորհրդարանական մակարդակում հրավիրում ենք հարցի վրա, որ պետք է ավելի շատ ազդեցություն գործել Ադրբեջանի վրա, որպեսզի ի վերջո Ադրբեջանը քաղաքական կամք ցուցաբերի և ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Ես լավատեսություն ունեմ, որ դա տեղի կունենա, որովհետև մենք ավելի մոտ դրան չենք եղել երբևէ, բայց ժամանակը ցույց կտա»,- ամփոփեց նա։