Արցախցիների 50 000 դրամների ծրագրի շահառուների թիվն աստիճանաբար կկրճատվի

Բռնի տեղահանված արցախցիներին 40 000+10 000 դրամների սոցիալական աջակցության ծրագիրը կվերափոխվի։ Մինչև մարտ ամիսը 50 000 դրամ ստացողների շրջանակը կմնա նույնը, բայց ապրիլից շահառուների շրջանակը կփոխվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նոյեմբերի 21-ի նիստում։

Ապրիլից սկսած գումարը կկազմի 40 000 դրամ, աջակցությունը կտրամադրվի մինչև 18 տարեկան երեխաներին (շուրջ 33 000 անձ), 63 և ավելի տարեկան անձանց (18 000 անձ), կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց (մոտ 2600 մարդ): Այս անձինք 40 000 դրամները կստանան մինչև հունիսը ներառյալ, իսկ հուլիսից 40 000-ը կնվազի՝ հասնելով 30 000 դրամի։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ պետությունը ներդրել է արցախցիներին բնակարանային ապահովության ծրագիրը և 40+10 000 դրամների համար նախատեսված միջոցները պետք է վերահասցեագրել բնակարանային աջակցության ծրագրին։

«Հաջորդ կարևոր պատճառն այն է, որ անցյալ մեկ տարվա ընթացքում աշխատանք են գտել կամ ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում ավելի քան 25 հազար բռնի տեղահանվածներ, որոնք 18-ից մինչև 63 տարեկան անձանց զգալի մասն են կազմում»,- նշված է կառավարության հիմնավորումներում։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը ոչ թե զրոյացնում է աջակցության այս փաթեթը, այլ կոնկրետ խմբերի է ուշադրություն դարձնում, ինչպես նաև քաջալերելու է աշխատանքային տարիքի մարդկանց։

***

2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից հատկացրեց միանվագ 100 հազարական դրամ: Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով տրամադրվում է ամսական 40 հազար դրամ, գումարած ևս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Ծրագիրը մեկնարկել է 2023-ի հոկտեմբերի 1-ից: 2023-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, Արցախից տեղահանվածներին պետական բյուջեից հատկացվեց նաև 50 հազարական դրամ:

Մեկնաբանել