Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են գրառումներ KIA ընկերության անունից. իբր վերջինս մեքենա է նվիրում գրառմանը կցված լուսանկարում 86-ից բարձր թիվ գտնողներին։
«Ոչ ոք 86-ից բացի այլ թիվ չի գտել, եթե դուք գտնեք այլ համար, քան 86-ը, կստանաք հատուկ մրցանակ՝ 1 ՆՈՐ KIA մեքենայի տեսքով»,- նշված է գրառման մեջ։
Տարածվող գրառումը, սակայն, հերթական խաբեությունն է, որում օգտագործվում է հայտնի ընկերության անունը՝ վստահություն ներշնչելու համար։
Ի՞նչ է հայտնի գրառումը տարածող էջի մասին
Գրառումը տարածվում է ֆեյսբուքյան Kia-Dealers անունով էջով, որը ստեղծվել է շաբաթներ առաջ՝ նոյեմբերի 10-ին։ Գրառումն ունի շուրջ 3 000 մեկնաբանություն և 700 տարածում (share):
Հայտնի չէ, թե որտեղից է կառավարվում էջը, բայց գրառման մեջ կա ինդոնեզական «@pengikut» նշումը, որը համարժեք է «@everyone» նշմանը և օգտագործվում է բոլոր հետևորդներին գրառման մասին ծանուցելու համար։
Նոր ստեղծված էջում միայն KIA-ի կեղծ խաղարկությունների վերաբերյալ մի քանի գրառումներն են, որոնցից մեկին #CivilNetCheck-ը նախկինում արդեն անդրադարձել է։
KIA Armenia-ից հերքում են կապը կեղծ էջի հետ
KIA ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Կապիտալ Մոթորս» ընկերությունն է, որի պաշտոնական էջը ֆեյսբուքում KIA Armenia-ն է:
KIA Armenia-ից #CivilNetCheck-ի զրույցում հերքել են կապը կեղծ էջի հետ։
Կեղծ գրառման հեղինակները պահանջում են օգտատերերից մեկնաբանել/կիսել (share) գրառումը ֆեյսբուքյան խմբերում՝ դրանով բարձրացնելով գրառման դիտելիությունը։ Այնուհետև ուղարկում են ֆիշինգային կայքի հղում, որի միջոցով զեղծարարները անձնական կամ բանկային տվյալներ են գողանում։
Սա առաջին դեպքը չէ, երբ հայտնի ընկերությունների անունից, ինչպիսիք են «Սամսունգը», «Քարֆուրը», «Կոկա Կոլան», նմանատիպ կեղծ խաղարկությունների, նվերների վերաբերյալ գրառումներ են տարածվում, որոնց նպատակն իրականում վստահությունն ներշնչելն ու օգատատերերի անձնական և բանկային տվյալները կորզելն է։ Այլ հայտնի ընկերությունների անունից տարածվող կեղծ գրառումներին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։