Ս.Սարգսյանը հանձնարարել է բացառել դատավարական լիազորությունների ձևական իրականացումները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի շարք հանձնարարականներ է տվել քրեական գործերով մինչդատական վարույթի հարցերով հոկտեմբերի 29-ին իրավապահ մարմինների ղեկավար կազմի հետ անցկացրած խորհրդակցության արդյունքներով. տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Մասնավորապես, ՀՀ կառավարությանը հանձնարարվել է իրականացնել իրավապահ մարմինների աշխատակիցների նյութատեխնիկական և սոցիալական ապահովության վիճակի համակողմանի ուսումնասիրություն, երկամսյա ժամկետում մշակել վիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ և ներկայացնել ՀՀ նախագահի աշխատակազմ։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին հանձնարարվել է լրամշակել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը` հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում կոնկրետ գործերի օրինակներով վերհանված գործնական հիմնախնդիրները, ինչպես նաև վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներում արտահայտված իրավական դիրքորոշումները:

ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում գրավոր առաջարկություններ ներկայացնել նախաքննության կազմակերպմանը և այն սպասարկող հարակից ոլորտների, հատկապես` դատաբժշկական փորձաքննությունների կատարմանը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացմանն առնչվող խնդիրների համալիր լուծումների վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` ապահովելու դատախազների, քննիչների և քննչական ստորաբաժանումների ղեկավարների դատավարական լիազորությունների պատշաճ իրականացումը` բացառելով դրանց ձևական իրականացման հնարավոր դրսևորումները:

ՀՀ ոստիկանության պետին հանձնարարվել է հաշվարկել և մեկամսյա ժամկետում ներկայացնել քննիչների գործունեության նյութատեխնիկական ապահովմանն ուղղված առաջարկ:

Մեկնաբանել