«Զգուշացնում եմ՝ սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն»։ Այդ մասին կառավարության նոյեմբերի 21-ի նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի զայրույթի պատճառն Արմավիրի Այգեվան համայնքում կառուցված մանկապարտեզի հարցն էր, որը պետք է շահագործման հանձնված լիներ հոկտեմբերին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը, հայտնեց, որ մանկապարտեզը դեռ չի գործում՝ գազամատակարարման խնդիրների պատճառով։
Փաշինյանը նշեց. «Որ գալիս ենք այցի, մի ասեք, որ հոկտեմբերին բացվելու է։ Հիմա էդ գյուղի ժողովուրդը տեսել է չէ՞, տեսախցիկների առջև ասել եմ՝ ե՞րբ է բացվում, ասել եք հոկտեմբերին, ես էլ գրել եմ՝ հոկտեմբերին մանկապարտեզը բացվում է։ Հիմա չստացվե՞ց, որ սուտ ասեցի։ Զգուշացնում եմ՝ սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն։ Որևէ մեկը ինձ չասի մի հատ ժամկետ, մի հատ տվյալ, որը ստուգված չէ»։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել նոյեմբերի 18-ին, ենթադրաբար, սխալ զեկուցելու համար։ Դանոսյանի հեռացմանը նախորդող նիստին Նիկոլ Փաշինյանը խոսել էր Արմավիր-Գյումրի ճանապարհի Բայանդուրի հատվածի կառուցման մասին։ Վարչապետն ասել էր՝ իրեն զեկուցել էին, թե ճանապարհն արդեն պատրաստ է, ինքն էլ ճանապարհի մեկ այլ հատվածից լուսանկար է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որից հետո քաղաքացիներն իրեն մեղադրել են սուտ խոսելու մեջ, քանի որ Բայանդուրի ճանապարհը դեռ կառուցված չի եղել։