Պաշտոնանկ արված պաշտոնյաները համակարգային փոփոխություններ են իրականացրել ու այդ իմաստով լավ էին աշխատում. Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընթացիկ շաբաթվա ընթացքում պաշտոնանկ արվեցին կամ հրաժարական ներկայացրին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։
Փաշինյանի խոսքով՝ ղեկավարը պետք է լինի «համակարգի մաս, բայց և տարանջատում պիտի ունենա համակարգից, որ կարողանա համակարգը տեսնել դրսից»։
«Պետական կառավարման համակարգում գալիս է պահ, երբ փոփոխություն բերող առաջնորդները մի իքս պահից դառնում են համակարգի մաս։ Այսինքն՝ նույն տեմպով բարեփոխում շարունակել հնարավոր չի լինում»,- հայտարարեց Փաշինյանը։
Հարցին, թե ինչպես կարող է վարչապետը անկախ համարվող դատական համակարգի ներկայացուցչին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հորդորել թողնել պաշտոնը, Փաշինյանը պատասխանեց, թե ինքը չի հորդորել, այլ խնդրել է։
«Կա՞ նման խնդրանքով հանդես գալու, բարոյական և իրավական հնարավորություն. այո՛»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` վստահեցնելով, որ ինքն ուզում է անկախ դատական համակարգ ունենալ։ Փաշինյանի խոսքով՝ կան դատական ակտեր, որ կան դատարանների փոքր խումբ որոշումներ, որոնք մեծ աղմուկ են բարձրացնում նեգատիվ են տարածում դատական համակարգի, արդարադատության վրա։ Փաշինյանի խոսքով՝ եթե մարդկանց հարցնեն, թե ով է մեղավոր արդարադատության ներկա վիճակի համար, մարդիկ ոչ թե կտան դատավորների, ԲԴԽ անդամների անուններ որպես մեղավոր, այլ իր անունը։
լրացում
Փաշինյանն ասաց, որ ինչպես Արգիշտի Քյարամյանին է դիմել հրաժարականի խնդրանքով, նույնպես դիմել է ՔՊ խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին. «Հույս ունեմ, որ իմ խնդրանքը անարձագանք չի մնա»։
Պաշտոնյաներին հեռացրել է «միանձնյա որոշմամբ»
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պաշտոնյաներին հեռացրել է «միանձնյա որոշմամբ»։
«Կառավարության ու պետության ղեկավարի դերն այն է, որ կան պահեր, որ պիտի ի վիճակի լինի կայացնել որոշումներ՝ առանց այլոց հետ պատասխանատվություն կիսելու ու առանց խորհրդակցելու»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ որոշ հարցեր քննարկում է թիմի հետ։ Փաշինյանը հաստատեց մամուլի տեղեկությունները, որ պաշտոնյաներին ազատելու լուրը հայտնել է SMS-ի միջոցով։ «Ինչու՝ որովհետև կան նրբություններ, իրավական, քաղաքական, բարոյական […]: Կարևոր եմ համարել, որ այն, ինչ ասում եմ, լինի գրավոր, որպեսզի այդ գրավոր տեքստը ըստ անհրաժեշտության լինի ու մենք կարողանանք այսպես խոսել… բանավոր խոսակցությունը վատ չէ, բայց կարող են լինել տարընթերցումներ»,- նշեց նա։
Փաշինյանը հայտարարեց՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրելու է Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին, որի հետ կապված հնարավոր կոռուպցիոն դեպքերն ուսումնասիրել են, բայց ոչինչ չեն գտել։ ՊԵԿ նախագահի թեկնածուներ Փաշինյանը ևս ունի, սակայն հրաժարվեց անուններ հայտնել։