Իրանն ու Ադրբեջանը նոր զորավարժություն են անցկացնում՝ երկրորդը մեկ ամսում

Իրանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները չորսօրյա ռազմական զորավարժություններ են սկսել, հայտնում է IRNA գործակալությունը։

Նոյեմբերի 24-ին մեկնարկած զորավարժությունը, որին մասնակցում են ադրբեջանական բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները, կրում է «Արասի համատեղ զորավարժություն» խորագիրը։ Վարժանքներն անցնում են Արդեբիլ նահանգի Ասլանդուզի շրջանում։

Ըստ իրանական աղբյուրի՝ զորավարժության նպատակն է կազմակերպված ապօրինի զինված խմբավորումների դեմ պայքարը, ընդհանուր սահմանի անվտանգությունը, ռազմական հնարավորությունների ավելացումն ու երկու երկրների ընդհանուր շահերն առաջ մղելու նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա մարտավարական և օպերատիվ մակարդակներում պաշտպանական համագործակցության ընդլայնումը։

Իրանն ու Ադրբեջանը ընթացիկ տարում երրորդ անգամ են զորավարժություն անցկացնում, իսկ այս ամսում՝ երկրորդ անգամ։ Կողմերը նոյեմբերի 4-ին ծովային ուժերի մասնակցությամբ զորավարժություն են անցկացրել Կասպից ծովում, իսկ նախորդ անգամ հունիսին Արաքսի ափին՝ իրանական Արևմտյան Ատրպատականի և Նախիջևանի սահմանին։

Մեկնաբանել