Հայաստանում շինարարության ծավալների կրճատման պայմաններում ավելացել է բետոնի և երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրությունը։ Ներքին շուկայում ցեմենտի ծավալի 5,3%-ով նվազման պայմաններում բետոնի արտադրությունն ավելացել է 11,7%-ով։
Ընթացիկ տարվա ինն ամիսներին Հայաստանում իրականացվել է 263 մլրդ-ի շինարարություն. ծավալներն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 2%-ով։ Միևնույն ժամանակ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ապրանքային բետոնի արտադրությունն ավելացել է 11,7%-ով՝ կազմելով 275,4 հազ. տոննա։
Շինարարության ծավալների կրճատման ֆոնին վիճակագիրներն արձանագրել են երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրության աճ՝ 23,2%-ով (արտադրվել է 48,73 հազ. տոննա)։ Հայաստանում կտրուկ՝ 37,3%-ով աճել է նաև գաջի արտադրությունը՝ ինն ամիսներին կազմելով 38 հազ. տոննա։ 0,6%-ով կամ 2 հազ. տոննայով ավելացել է ցեմենտի արտադրությունը, բայց դա տեղի է ունեցել ոչ թե ներքին շուկայի, այլ արտահանման հաշվին։
Այս տարվա ինն ամիսներին, 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանից արտահանված ցեմենտի ծավալներն ավելացել են 14,87 հազ. տոննայով՝ կազմելով 88 հազ. տոննա։ Հաշվի առնելով արտահանման գործոնը՝ արտադրված 315,3 հազ. տոննա ցեմենտից ներքին շուկայում մնացել է 227,3 հազ. տոննան, այն դեպքում, երբ անցած տարվա ինն ամիսներին այդ ծավալը կազմում էր 240 հազ. տոննա։ Ստացվում է, որ ներքին շուկայում ցեմենտի ծավալը նվազել է 5,3%-ով, թեև աճել է բետոնի և երկաթբետոնյա կոնստրուկցիաների արտադրությունը։
Իհարկե, չի բացառվում, որ օգտագործվել են ցեմենտի նախորդ տարիների պաշարները, սակայն անհասկանալի է մնում նաև այն, թե ինչպես է շինարարության ծավալների կրճատման պայմաններում ավելացել բետոնի արտադրությունը։
Այս տարվա ինն ամիսներին իրականացված շինարարության 48,7%-ը կատարվել է կազմակերպությունների ֆինանսավորմամբ, բնակչության հաշվին՝ 21,5%-ը, պետբյուջեի հաշվին՝ 15,7%-ը։
Եթե պետբյուջեի և կազմակերպությունների ֆինանսավորմամբ շինարարության ծավալները կրճատվել են համապատասխանաբար 11,5%-ով և 1%-ով, բնակչության կողմից իրականացված շինարարությունն ավելացել է 41,6%-ով։ Նույնիսկ նման աճի պայմաններում ցուցանիշը բավական հեռու է նախաճգնաժամային մակարդակից. 2008թ. բնակչության ֆինանսական միջոցներով իրականացված շինարարության մասնաբաժինն ընդհանուր շինարարության կառուցվածքում 73,4% էր։