KIA-ի անունից կրկին կեղծ խաղարկության վերաբերյալ գրառումներ են տարածվում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում դարձյալ տարածվում են գրառումներ Kia ընկերության անունից՝ հայտարարությամբ, թե վերջինս մեքենա է նվիրում լուսանկարում պատկերված թիվը ճիշտ գուշակողներին։

«Նկարում պատկերված համարը գուշակողին կտրվի 5 նոր Kia մեքենա։ Ներկայացրե՛ք ձեր պատասխանը հիմա»,- նշված է գրառման մեջ։

KIA-ի անունից նմանատիպ կեղծ խաղարկությունների մասին գրառումներ տարածվել են նաև նախկինում, դրանց #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։ Ընկերության անունն օգտագործվում է մարդկանց վստահությունը շահելու նպատակով։

Ի՞նչ է հայտնի գրառումը տարածող էջի մասին

Գրառումը տարածվում է KIA-Dealer.am անվանումով ֆեյսբուքյան էջով, որը ստեղծվել է օրեր առաջ՝ նոյեմբերի 23-ին։

Էջում ժամերի տարբերությամբ նույնատիպ մի քանի գրառումներ կան՝ տարբեր թվերով լուսանկարների հետ կցված։

Էկրանապատկերը՝ KIA-Dealer am անվանումով կեղծ ֆեյսբուքյան էջից

Ըստ գրառման՝ մեքենա շահելու համար անհրաժեշտ է մեկնաբանություններում գրել ճիշտ թիվը և գրառումը տարածել 10-15 ֆեյսբուքյան խմբում։ Նշվում է, թե մասնակիցը մրցանակը կստանա իրենց թիմի կողմից գրառման տարածման ստուգումից հետո։

Իրականում համակարգն աշխատում է ավտոմատացված՝ անկախ մեկնաբանության բովանդակությունից կամ ֆեյսբուքյան էջերում գրառման տարածման քանակից։ Զեղծարարները կապ են հաստատում մասնակցի հետ և որոշ ժամանակ անց ուղարկում ֆիշինգային կայքի հղում, որի միջոցով գողանում են անձնական կամ բանկային տվյալներ։

Էկրանապատկերը՝ KIA-Dealer am անվանումով ֆեյսբուքյան կեղծ էջի մեկնաբանություններից

KIA Armenia-ից հերքում են կապը կեղծ էջի հետ

KIA ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Կապիտալ Մոթորս» ընկերությունն է, որի պաշտոնական էջը ֆեյսբուքում KIA Armenia-ն է:

KIA Armenia-ից #CivilNetCheck-ի զրույցում հերքել են կապը կեղծ էջի հետ։

Հայտնի ընկերությունների անունից, ինչպիսիք են «Սամսունգը», «Քարֆուրը», «Կոկա Կոլան», պարբերաբար նմանատիպ կեղծ խաղարկությունների, նվերների վերաբերյալ գրառումներ են տարածվում, որոնց նպատակն իրականում վստահությունն ներշնչելն ու օգատատերերի անձնական և բանկային տվյալները կորզելն է։ Այլ հայտնի ընկերությունների անունից տարածվող կեղծ գրառումներին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։

Մեկնաբանել