Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ` «փրայմերիզ». Փաշինյան

Դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին Գյումրիում կկայանան նախնական ընտրություններ` «փրայմերիզ», հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ես պետք է Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեմ: Խնդիրը քննարկելով նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ՝ եկել եմ այն եզրակացության, որ այդտեղ խնդիրը միանձնյա վարչական որոշմամբ չի կարող լուծվել։ Մենք կխնդրենք ՔՊ-ի անդամներին, համակիրներին առաջադրեն թեկնածուներ կամ ինքնառաջադրվեն: Թեկնածուներին քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է մերժենք։ Քվերակության արդյունքում հաղթած թեկնածուին Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար կնշանակեմ, որն ամենայն հավանակությամբ, կլինի մեր քաղաքապետի թեկնածուն Գյումրիի ավագանու առաջիկա ընտրություններում»,- նշել է Փաշինյանը:

Գյումրիում 2021-ի հոկտեմբերից կառավարումն իրականացվում էր ՔՊ-ի և «Բալասանյան» դաշինքի համագործակցության հուշագրի համաձայն։ 2023-ի դեկտեմբերի սկզբին, սակայն, ՔՊ-ն հայտարարեց հուշագիրը խզելու մասին։ Կուսակցությունը հայտարարեց, թե ՀՀ երկրորդ քաղաքը ստվերային է կառավարվում։ Դրան հաջորդեց ՔՊ-ական փոխքաղաքապետերի հրաժարականը։

2024-հոկտեմբերին Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները` համայնքի ղեկավարի գլխավորությամբ, մանդատներից հրաժարվելու դիմումներ էին ներկայացրել։ Խմբակցության անդամները մանդատները վայր էին դրել դաշինքի հետ կապված Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ քրեական վարույթի հարուցումից անմիջապես հետո։ Գյումրիի Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել։ Նա Միացյալ Նահանգներում է։ Հոկտեմբերի 11-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է, ապա գրավի դիմաց տնային կալանքի տակ է Սամվել Բալասանյանի որդին։

Մեկնաբանել