Հայկական առաջին արբանյակի մասով քրեական վարույթ կա

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

«Հրապարակ» օրաթերթը 2023-ի հոկտեմբերի 26-ին, հղում կատարելով «Քաղաքացիական պայմանագրում» իր աղբյուրներին, հաղորդել էր, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը փակ նիստում հայտնել է, թե տիեզերք արձակված հայկական «Արմսաթ-1» արբանյակի ծրագիրը ձախողվել է, 8 մլն դոլար է վատնվել և նույնիսկ քրեական գործ է հարուցվել։

Մխիթար Հայրապետյանը նոյեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում այս տեղեկությունը «մանիպուլյացիա» էր որակել՝ պնդելով, որ արբանյակը ներկայում գործում է և լուսանկարներ է անում։

«Սա իհարկե չի նշանակում, որ կարող է վեց ամսից արբանյակը չընկնել կամ երկու տարուց չընկնել»,- նշել էր նախարարը։

Արձագանքելով լրագրողի հարցին՝ քրեական վարույթի հարուցման վերաբերյալ՝ Հայրապետյանը հստակ պատասխան չէր տվել՝ նշելով, որ աղմկահարույց տեղեկատվությանը չի տիրապետում և չի կարող մեկնաբանել։

«Չեմ կարող ասել…պաշտոնական տեղեկատվությո՞ւն է, ո՞վ է հաստատել»,- ասել էր նախարարը՝ չհերքելով նաև լրագրողների պնդումը, որ արբանյակի ծրագիրն արժեցել է 7-8 մլն դոլար։ Այս տեղեկությունը կառավարությունը պաշտոնապես գաղտնի է պահում։

#CivilNetCheck-ը պարզել է, որ «Արմսաթ-1» արբանյակի ծրագրի շուրջ քրեական վարույթ է հարուցված, իսկ արբանյակի գործունեությունը կավարտվի մոտ մեկ տարուց։

Արբանյակի ծրագրի վերաբերյալ քրեական վարույթը Հակակոռուպցիոն կոմիտեում է

ԲՏԱ նախարարությունը չի պատասխանել արբանյակի վերաբերյալ քրեական վարույթի հարուցման մասին մեր հարցին՝ նշելով, որ հարցը դուրս է նախարարության իրավասության շրջանակից։

«Արմսաթ-1»-ի վերաբերյալ քրեական վարույթի մանրամասների վերաբերյալ հարցում էինք ուղարկել նաև Հակակոռուպցիոն կոմիտե, որը օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի փոխարեն պատասխանել է 22 օր անց՝ խուսափողական պատասխանով, որը սակայն անուղղակի հաստատում է քրեական գործի առկայությունը։

Հակակոռուպցիոն կոմիտեից պատասխանել են, որ «Արմսաթ-1» արբանյակի վերաբերյալ քրեական վարույթի առկայության վերաբերյալ «չեն կարող տրամադրել» տեղեկատվություն։ Հակակոռուպցիոն կոմիտեն հղում է անում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի այն դրույթին, որն արգելում է հրապարակել քրեական վարույթի գաղտնի տվյալները։ Ըստ էության, սա փաստում է, որ վարույթ կա և այն Հակակոռուպցիոն կոմիտեում է։

Հակակոռուպցիոն կոմիտեից ստացված պատասխանը «Արմսաթ-1»-ի արբանյակի հետ կապված քրեական վարույթի վերաբերյալ։

Դատախազությունը #CivilNetCheck-ին նույնպես հաստատել է քրեական վարույթի առկայությունը, սակայն չի մանրամասնել կիրառված հոդվածները, պետությանը հասցված վնասի չափը և մեղադրյալների առկայությունը՝ պատճառաբանելով, որ դրանք պարունակում են «պետական, բանկային, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն» (հոդված 8, 1-ին մաս, 1-ին կետ)։

Որքա՞ն է արժեցել հայկական առաջին արբանյակը

Թեև կառավարությունը երբևէ պաշտոնական տեղեկություն չէր տվել արբանյակի վրա ծախսված միջոցների մասին, սակայն դեռ 2022-ի մայիսին Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը հայտնել էր, որ ծրագիրն արժեցել է մոտ 5 մլն դոլար։

Բացի այդ, կառավարության 2022-ի ապրիլի 15-ի որոշմամբ 3,32 մլրդ դրամով (շուրջ 7 մլն դոլարով) ավելացվել էր ԲՏԱ նախարարության դուստր ձեռնարկության՝ «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալ։ Հենց այս ընկերության և իսպանական Satlantis ընկերության համագործակցության արդյունքում էր հայկական արբանյակն արձակվել Երկիր մոլորակի ուղեծիր։

ԲՏԱ-ն կրկին չի տրամադրում արբանյակի բարձրորակ լուսանկարներ

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ եթե հանրությունը հարկ համարի, կարող են արբանյակի կատարած որոշակի լուսանկարներ հանրայնացնել։

#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ ԲՏԱ նախարարությունը, ինչպես նախորդ անգամ, խուսափեց տրամադրել «Արմսաթ-1» արբանյակի բարձր որակով բնօրինակ լուսանկարները, սակայն ցածր որակով դրանք նոյեմբերի 11-ին իր էջում հրապարակեց ԲՏԱ նախարարը։

Լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց մի մասը արված է 2023-ին։

ԲՏԱ-ն հայտնում է՝ արբանյակին մոտ մեկ տարվա կյանք է մնացել

ԲՏԱ նախարարությունը, պատասխանելով #CivilNetCheck-ի հարցմանը «Արմսաթ-1»-ի շահագործման ավարտի վերաբերյալ, հայտնել է, որ ըստ արբանյակը նախագծած Satlantis ընկերության հաշվարկների՝ արբանյակի շահագործման ժամկետը կավարտվի 2026-ի սկզբին։

Նախարարությունը պարզաբանել է, որ ցածր ուղեծրում գտնվող արբանյակների գործունեությունը ենթարկվում է տիեզերական միջավայրի բազմաթիվ գործոնների ազդեցության, ինչպիսիք են՝ տիեզերական ճառագայթումը, արեգակնային պարբերական բռնկումները, ջերմաստիճանային մեծ տատանումները և այլն, որոնք կարող են առաջացնել համակարգային խափանումներ և արբանյակի կորուստ։

Նախարարության ամբողջական պարզաբանումը արբանյակի շահագործան ավարտի վերաբերյալ։

«Արմսաթ-1» արբանյակը նախագծած Satlantis ընկերությունը դեռ 2022-ին հուլիսի 6-ին հրապարակած հաղորդագրությունում նշել էր, որ սարքը նախատեսված է առնվազն չորս տարի ծառայելու համար։ Փաստացի՝ ինչպես բոլոր ցածր ուղեծրային արբանյակները, «Արմսաթ-1»-ը ևս իր շահագործման ժամկետի ավարտից հետո աստիճանաբար կիջնի և կայրվի երկրագնդի մթնոլորտում:

Պաշտոնյաների չիրականացված խոստումները՝ արբանյակի ծրագրի վերաբերյալ

Հայաստանի առաջին արբանյակը՝ «Արմսաթ-1»-ը, Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերեց 2022-ի մայիսի 25-ին SpaceX ընկերության Falcon-9 հրթիռը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ազդարարելով արբանյակի արձակումը, հայտարարեց, որ արբանյակի սպասարկման համար Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան 2022-2023 թթ.։

«Առաջիկայում, ավելի կոնկրետ՝ 2022-ին, մինչև 2023-ի վերջը, Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան»,- ասում էր Փաշինյանը՝ նշելով, որ արբանյակից ստացված լուսանկարները կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և այլ կարևոր ոլորտներում։

2022-ի աշնանը ԲՏԱ նախկին նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանը խոստացան կառավարման կենտրոնը գործարկել մինչև տարեվերջ, սակայն դա տեղի չունեցավ։

Կառավարման կենտրոնի «պատրաստ լինելու» մասին հայտարարվեց միայն 2023-ի հունիսին, իսկ մեկ տարի անց նախարարությունից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ ընդունիչ կայանի աշխատանքները ևս ավարտվել են։ Սակայն կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանների պաշտոնական բացումն այդպես էլ մինչ օրս տեղի չի ունեցել։


Մեկնաբանել