«Հայաստան» խմբակցությունը քննարկելու է Գեղամ Նազարյանի «հետագա գործունեության հարցը»

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը քննարկելու է պատգամավոր Գեղամ Նազարյանի «հետագա գործունեության հարցը», տեղեկացրել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։ Մեր թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը, և բնական է, եթե խմբակցության որեւէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք է դառնա քննարկման առարկա։ Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցև ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը: Թե ինչ կորոշվի խմբակցության նիստից հետո, պարզ կլինի միայն նիստից հետո»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Խամոյանը։

Գեղամ Նազարյանն օրերս Tribune.am-ի հետ հարցազրույցում հերքել է, որ հետամուտ է Փաշինյանին հեռացնելու օրակարգին։ «Ո՛չ, ըտենց օրակարգ չկա, չգիտեմ՝ ով ա դա մտցրել…»,- ասել էր Նազարյանը։

Մեկնաբանել