Հայկ Ղազարյան
Մայիսի 16-ին կառավարությունն ընդունեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Իսկ հունիսի 15-ին հաստատեց այդ ծրագրի իրականացման կարգը։ ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ, թե այս ծրագրի մեկնարկից հինգ ամիս անց ինչ պատկեր է։
Ժամկետներ ու վերջնաժամկետներ
Իզաուրա Բալասանյանը դիմել է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար։ Նա ծնունդով Հադրութի Ազոխ գյուղից է, 2020-ին տեղահանվել է Շուշիից, 2023-ին՝ Արցախի Խնածախից, որտեղ զբաղվում էր գյուղատնտեսությամբ։ Այժմ նրանք ընտանիքով բնակվում են Վայոց Ձորի Ազատեկ գյուղում և որոշել են գնել իրենց իսկ վարձակալած տունը։ Այս բնակավայրում ծրագրով գործում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 5 մլն դրամ աջակցության չափը։ Բազմազավակ ընտանիքի համար այդ գումարը բավարար է Ազատեկում տուն գնելու համար։ Իզաուրա Բալասանյանը հույս ունի, որ Ազատեկում գտնվող տունը իրենցը կդառնա արդեն դեկտեմբերին։
Աջակցության 5 միլիոն դրամի չափը մեծամասամբ սահմանված է Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերում։ Երևանում, երևանամերձ և մի շարք համայնքներում սահմանված է 3 մլն դրամ աջակցության չափը: Իսկ 2 մլն դրամը նախատեսված է 2024-ի մայիսի 16-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկի մարման համար։
Ոչ բոլորն են շտապում դիմել ծրագրին։ Մյուս կողմից էլ, այս գործընթացում նկատվում է դանդաղում, ինչն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բացատրում է տեխնիկական խնդիրներով։
Այս պահին բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում 30 տրված հավաստագրից ընդամենը մեկն է իրացվել։ Ծրագրի մեկնարկից մեկ ամիս անց գերատեսչությունը հասցրել է տրամադրել բնակարանի գնման կամ տան կառուցման 29 հավաստագիր։ Չորս ամսվա ընթացքում ընդամենը մեկ հավաստագիր է ավելացել, մինչդեռ դիմումների քանակը հնգապատկվել է։
Մինչև տարվա վերջ հաստատված հավաստագրերի քանակը և հավաստագրերի իրացումները կավելանան։ Նոյեմբերի 20-ին ՍիվիլՆեթի հետ զրույցում Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդական Գայանե Ղարագյոզյանն ասաց, որ այժմ ունեն 500-600 դիմում, որոնք հավանաբար առաջիկայում կհաստատվեն։
«Պարզապես մի փոքր տեխնիկական խնդիր ունենք։ Մենք ինքնաշխատ եղանակով տարբեր գերատեսչությունների տեղեկատվական շտեմարաններից ստանում ենք տեղեկատվություն։ Կադաստրի կոմիտեից ենք ստանում, որպեսզի ստուգենք գույք ունենալ-չունենալը, մասնաբաժինը։ Քաղաքացիական ակտերի կացության գործակալությունից ենք տեղեկատվություն ստանում՝ ծնունդների, մահերի, ամուսնությունների և ամուսնալուծությունների վերաբերյալ։ Չթվարկեմ բոլոր շտեմարանները»,- ասաց պաշտոնյան։
Ծրագրի առաջին փուլը նախատեսված է բազմազավակ, զոհված կամ հաշմանդամություն ունեցող անդամներ ունեցող, ինչպես նաև վարկունակ կամ արդեն հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների համար: Ծրագրի առաջին փուլի դիմումների ընդունումը նախատեսված է մինչև դեկտեմբերի 30-ը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախագծով առաջարկում է ընդհանրապես հանել առաձին փուլի վերջնաժամկետը։
Ըստ Ղարագյոզյանի՝ այս փոփոխությունը կատարում են՝ հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ։ Հիմնական հարցը քաղաքացիության հետ է կապված, որը բավականին երկար է տևում։
Ծրագիրն ամբողջությամբ՝ բոլոր երեք փուլերը, պետք է իրականացվեն հինգ տարվա ընթացքում՝ 2024-2029 թթ․։
Ըստ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Արամ Թադևոսյանի՝ ծրագրի առաջին փուլը տապալվել է, այդ թվում՝ բազմաթիվ տեխնիկական խնդիրների պատճառով, երբ հարյուրավոր դիմումներ մերժվել են կամ չեն հաստատվել։
«Դժվար է հասկանալ, թե ինչի հիման վրա են ենթադրել, որ նշված ժամկետներում առաջին փուլի բոլոր շահառուները պետք է դիմում լրացնեին, որ հավաստագրեր ստանան։ Կառավարությունը չէ՞ր կարող հաշվարկել այնպիսի տարրական բան, ինչպիսին է քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացի տևողությունը և դժվարությունը։ Կարծում եմ, ամբողջ ծրագրի համար երկարաձգումները կամ վերջնաժամկետների վերացումները շարունակական են լինելու։ Ցավալի է, որ կառավարությունը համառորեն խուսափում է ընդունել պարզ փաստը, որ տեղահանվածները չեն դիմում ծրագրին և չի փորձում հասկանալ խորքային պատճառները»,- ասում է Թադևոսյանը։
Ըստ փորձագետի՝ ծրագիրը գործարկման պահից խնդիրներով է և մինչև 2030-ը Հայաստանում բնակվող տեղահանված բոլոր արցախցիները կամ նրանց մեծ մասը բնակարանով ապահովված չեն լինելու։
Նոյեմբերի 7-ի դրությամբ բնակարանային ապահովման աջակցության ծրագրի 1 320 դիմումներից 1 033-ը վերաբերում է անշարժ գույքի ձեռքբերմանը, 120-ը՝ անհատական բնակելի տան կառուցապատմանը, 167-ը՝ գործող հիփոթեքային մարման բաղադրիչին։ Բնակավայրերի վերաբերյալ գերատեսչությունը տվյալներ չներկայացրեց, քանի որ դիմումների մեջ բնակավայրը չի նշվում։
«Հավելյալ հիփոթեքային վարկ»
Վայոց Ձորի Ազատեկ գյուղում պետական աջակցությամբ տուն գնելը հնարավոր է, սակայն Երևանում և հարակից համայնքներում դա անհնար է: Մինչ օրս ծրագրի միակ հավաստագիրը իրացվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ հավելյալ հիփոթեքային վարկի միջոցով:
Եթե որևէ թիրախային խմբի չես պատկանում և ցանկանում ես արտահերթ կերպով դիմել ծրագրի առաջին փուլին, ապա կարող ես նախատեսված հավաստագրի առնվազն 50 տոկոսի չափով հավելյալ հիփոթեքային վարկ ձևակերպել։
Արցախցի Դավիթ Գրիգորյանը (խմբ․՝ անունը փոխվել է) սակայն պնդում է, որ բանկերը հավաստագրի առնվազն 50 տոկոսի չափով հավելյալ հիփոթեքային վարկ չեն տրամադրում, անգամ եթե վարկունակ ես և դրական վարկային պատմություն ունես։
«Ենթադրենք՝ այսօր հավաստագիր ես ստացել, երկու հոգի են ընտանիքում՝ վեց միլիոն, ի՞նչ կարող ես անել դրանով, բանկը քեզ հավելյալ վարկ չի տալիս։ Ոչ մի բանկ հավելյալ վարկ չի տալիս, սակայն բնակարանային ապահովման ծրագրի երկու կետով կառավարությունը հղում է անում այդ հավելյալ վարկի մասին։ Բանկը ասում է՝ վեց միլիոն ունես հավաստագրով՝ քեզ կտամ՝ իրացրու, ավել ոչ մի բան չեմ տալիս։ Ավել բա՞ն ես ուզում՝ խնդրեմ, առանձին հիփոթեք վերցրու ու գնա տուն գնիր։ Ծրագրի դրական կողմը ո՞րն է, իմաստը ո՞րն է»,- հարցնում է Դավիթը։
Ըստ Ղարագյոզյանի՝ հենց այդ մեկ հավաստագիրը հավելյալ հիփոթեքային վարկի օգնությամբ են իրացրել և բանկերի հետ կապված խնդիրը միայն ծրագրային ապահովման հետ է կապված․ «Երբ մենք կայացնում ենք կառավարության որոշում, պետք է հասկանանք, որ այդ որոշումների տեղակայումը ծրագրային մակարդակում պետք է պահանջի որոշակի ժամանակ, որովհետև այնտեղ պետք է ծրագրային ապահովում ներդրվի, այժմ մշակվում է։ Եվ այդ բանկերը հավաստիացրել են, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն պատրաստ կլինի և որևէ խնդիր չենք ունենա այս հարցում»։
Բնակարանային ապահովման աջակցության ծրագրով նախատեսված հավաստագրով պետությունը սուբսիդավորում է վարկերը և չի դիտարկում շահառուի եկամուտները ու վարկային պատմությունը։ Սակայն հավելյալ վարկ տրամադրելու նպատակով բանկը իրականացնելու է վարկային պատմության և վարկունակության գնահատում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրով համագործակցում է «Ամերիաբանկ»-ի, «Էվոկաբանկ»-ի, «Յունիբանկ»-ի, «Հայէկոնոմբանկ»-ի և «Ֆասթ բանկ»-ի հետ։ Նշված բոլոր բանկերին ՍիվիլՆեթը գրավոր հարցմամբ խնդրել է պատասխանել, թե արդյոք նրանք ծրագրի շրջանակում պատրա՞ստ են հավաստագրից բացի, առնվազն 50 տոկոսի չափով հավելյալ հիփոթեքային վարկ տրամադրել շահառուին։
Առայժմ միայն «Էվոկաբանկ»-ն է արձագանքել։ Պատասխան գրությունում նշում են, որ պատրաստ են հավաստագրի արժեքի առնվազն 50%-ի չափով վարկավորել բնակելի գույք գնելու համար, եթե շահառուն բավարարի բանկի վարկավորման չափանիշներին։
Առաջարկներ անհատական բնակելի տան կառուցման վերաբերյալ
Արցախի Նորագյուղից Արեն Աղաջանյանի ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիություն են ստացել, որ առանց ժամանակ կորցնելու կարողանան դիմել 2026-ին մեկնարկող ծրագրի երկրորդ փուլին։ Այս փուլն ընդգրկում է երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին՝ բնակելի տան ձեռքբերման դեպքում։ Ինչպես նաև՝ առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին` անհատական բնակելի տան կառուցման դեպքում։
Արենի ընտանիքը կազմված է վեց անդամից՝ նրա ծնողները, կինը և երկու անչափահաս երեխաները։
Նա հույս ունի, որ ծրագրում կբարելավեն անհատական բնակելի տան կառուցման պայմանները։
«Որովհետև տուն կառուցելով՝ ավել արժեք ես ստեղծում, մարդկանց աշխատանքով ես ապահովում։ Իսկ մի մասը հարկերի տեսքով հետ է գնում պետությանը»,- ասում է նա։
Արենի ընտանիքը տուն կառուցելու համար պլանավորում է հողատարածք ձեռք բերել Երևանից 30-50 կմ շառավիղով։ Այդ բնակավայրերում հիմնականում գործում է աջակցության նվազագույն հատկացումը՝ 3 մլն դրամ։
Հավաստագիրը կարելի է օգտագործել տուն կառուցելու համար, սակայն սահմանված է, որ այն պետք է լինի տիպային նախագծով և կառուցվի լիցենզավորված շինարարական ընկերության միջոցով։
Մասնագիտությամբ շինարար, արցախցի Ալեքսանդր Սաղյանը մեզ հետ զրույցում կիսվեց իր հաշվարկներով, թե որքան գումար կարելի է խնայել սեփական ուժերով տուն կառուցելու դեպքում։
«Եթե շինարարական կազմակերպությունները քարե տունը կառուցում են 275-357 հազար դրամով 1 քառակուսի մետրի համար, ապա նույն տունը սեփական ուժերով կարելի է կառուցել 200-220 հազար դրամով։ Սովորական քարե տունը նկատի ունեմ՝ առանց երեսպատման ու առանց ճոխոությունների։ Հետաքրքրվել եմ, ուսումնասիրել եմ»,- ասում է Ալիկը։
Սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրով («16 միլիոնի» ծրագիր) կարելի է տուն կառուցել առանց շինարարական կազմակերպության։
Ըստ Ղարագյոզյանի՝ հենց «16 միլիոն» ծրագիրն է եղել որպես տիպային օրինակ, որ կայացնեն նման որոշում, քանի որ այդ ծրագրով կառուցված որոշ տների որակը հայտնի չէ և նման դեպքում պետության ու շահառուի վնասը ավելի մեծ է լինելու։
Հարցին՝ չէ՞ որ նույնիսկ սեփական ուժերով կառուցելու դեպքում տեխնիկական վերահսկողություն է իրականացվում կառուցվող տան որակը պահպանելու համար, Ղարագյոզյանը պատասխանեց. «Հավատացնում եմ որ միշտ չէ այդպես»։
Նա վստահեցրեց, որ Քաղաքաշինության կոմիտեի կայքում տեղադրված տիպային նախագծերի քանակական և որակական բարելավում է լինելու։
Մայիսի 16-ից հետո հիփոթեք ստացածները աջակցություն չեն ստանալու
2024-ի մայիսի 16-ից՝ ծրագրի ընդունումից հետո հիփոթեք ստացած անձինք պետական աջակցություն չեն ստանալու։ Մինչդեռ մայիսի 16-ից առաջ գործող հիփոթեքային վարկի մարման համար կառավարությունը յուրաքանչյուր անդամի հաշվով աջակցություն է տրամադրում 2 մլն դրամի չափով։
«Մարդիկ մեզ մեղադրում են՝ ի՞նչ տարբերություն, թե երբ է վարկը տրամադրվել։ Տարբերությունն ակնհայտ է․ մայիսի 16-ից առաջ վերցված վարկերը հիմնված էին Լեռնային Ղարաբաղում ստացված եկամուտների վրա, որոնք հնարավորություն էին տալիս մարել վարկերը։ Սակայն ներկայում այդ եկամուտները բացակայում են, և պետությունն աջակցում է նրանց այդ հարցում։ Մայիսի 16-ից հետո վերցրած վարկերի դեպքում մարդիկ ունեցել են համապատասխան եկամուտներ, առանց որոնց բանկը վարկ չէր տրամադրի»,- պարզաբանեց Գայանե Ղարագյոզյանը։
Արամ Թադևոսյանը կարծում է, որ կառավարության որոշումն ընդունելուց հետո Հայաստանում հիփոթեքով բնակելի գույք գնած ընտանիքներին աջակցությունից զրկելը որևէ արդարացում չունի․ «Աջակցությունը պետք է գործի մեկ տրամաբանությամբ՝ 2020-ի սեպտեմբերի 27-ի դրությամբ Արցախում բնակվելու, տեղահանվելու և Հայաստանում բնակելի գույք չունենալու փաստը հաշվի առնելով»։
Դավիթ Գրիգորյանը ևս չի ընդունում պաշտոնյայի այս հիմնավորումը։ Կարծում է, որ մայիսի 16-ից հետո ևս պետք է կիրառվի 2 մլն դրամ աջակցությունը գործող հիփոթեքային վարկի դեպքում։ Ավելին՝ հենց խնդրի քիչ լուծումներից մեկը դա է համարում․ «Հինգ ամիս է անցել, ծրագիրը չի գործում փաստորեն։ Ինչո՞ւ ժամանակ կորցնենք։ Ընդամենը ասում եմ՝ գնում եմ իմ միջոցներով վարկ վերցնեմ, խնդրում եմ՝ ինձ էլ տվեք այդ աջակցությունը։ Կառավարությունը ասում է՝ պարտադիր պայման է քաղաքացիություն ստանալը, ասում եմ՝ ընդունում եմ։ Բայց տեխնիկական խնդիրների պատճառով մարդ չի կարողանում քաղաքացիություն ստանալ կամ ձգձգվում է գործընթացը»։
Այլ փոփոխություններ նախագծում
Ծրագրի առաջին փուլի վերջնաժամկետը հանելուց զատ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախագծում այլ փոփոխություններ է առաջարկում։ Օրինակ, եթե երեխան ծնվել է հավաստագրի իրացումից հետո, ապա այդ երեխայի հաշվով աջակցությունը որպես դրական մնացորդ տրամադրվում է մի քանի ուղղությամբ։ Այս փոփոխությունը մարդկանց կօգնի ժամանակ շահել և երեխայի ծնվելուց առաջ դիմել բնակարանային ապահովման ծրագրին։ Ճիշտ է, այս փոփոխությունը վերաբերում է մինչև 2024-ի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներին, դրանից հետո ծնվածները չեն դիտարկվում որպես ծրագրի շահառու։
Վայոց Ձորի Ազատեկ գյուղում բնակվող Իզաուրան մինչև տարվա վերջ երեխայի է սպասում։ Նրանք պլանավորում են տան ձեռքբերման հավաստագրի և սպասվող երեխայի հաշվով դրական մնացորդով գոմը մեծացնել ու խնձորի այգի գնել։
Ըստ ամենայնի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախագիծը առաջիկայում կընդունվի։
«50 հազար դրամ» ծրագրի վերափոխումը
Գերատեսչության մեկ այլ նախագիծ ընդունվել է օրեր առաջ։ Դրա համաձայն՝ բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերի համար նախատեսված 50 հազար (40+10) աջակցությունը հաջորդ տարվա ապրիլի մեկից կկազմի 40 հազար դրամ և կտրամադրվի միայն առանձին խմբերին։ Այս որոշման հիմնավորումն այն է, որ 50 հազար դրամների համար նախատեսված միջոցները պետք է վերահասցեագրել բնակարանային աջակցության ծրագրին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի կարծիքով՝ մարդիկ պետք է շտապեն բնարանային ծրագրի շահառու դառնալ, որովհետև այն հարատև լուծում է տալիս։ Այս փոփոխությունն արցախցիների դժգոհությունն է առաջացրել և առաջիկայում սպասվում է բողոքի ցույց։